Լաս Վեգասի գիշերային ակումբներից մեկում հաճախորդը կրակել է երեք տղամարդու վրա, երբ նրան ասել են, որ մուտքի համար պետք է 30 դոլար վճարի:

Անվտանգության տեսախցիկները տեսագրել են` ինչպես է 42-ամյա Բենջամին Ֆրեյզերը կրակել ու սպանել  անվտանգության աշխատողներից մեկին, լուրջ վնասվածքներ հասցրել մյուսին եւ ակումբի մենեջերին։

Տեսագրությունում երևում է` ինչպես է Ֆրեյզերը վիճում ակումբի մենեջերի հետ, քաշքշում նրան, գցում գետնին, հետո հանում ատրճանակը և կրակում:

Այդ պահին անվտանգության աշխատողը բացում է դուռը, տեսնում ատրճանակը, շրջվում, որ հեռանա, բայց Ֆրեյզերը նրան էլ է կրակում:

Հետո կասկածյալը ատրճանակը պարզած դուրս է գալիս խաղասրահ:

Սարսափած հաճախորդները ընկնում են գետնին և փորձում փախչել, իսկ անվտանգության աշխատողներից մեկը հետևից ցատկում է Ֆրեյզերի վրա և փորձում նրան գետնին գցել, սակայն Ֆրեյզերը կրակում է և սպանում նրան:

Անվտանգության աշխատողի մարմնի ծանրությունից Ֆրեյզերն ընկնում է գետնին, առիթից օգտվելով՝ ակումբի մյուս անվտանգության աշխատակիցներն արագ վնասազերծում են Ֆրեյզերին:

Մարդասպանին բռնելուց հետո տեսագրությունում երևում է` ինչպես է բուժանձնակազմը փորձում վերակենդանացնել սպանված անվտանգության աշխատողին, բայց ապարդյուն:

Daily Mail-ը տեղեկացնում է, որ հնարավոր է՝ Ֆրեյզերին մահապատժի ենթարկեն: