Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով մեղադրյալի կարգավիճակում գտնվող հայտնի դերասան Վարդան Պետրոսյանին կալանավորելու համար քննիչը արհեստական ապացույցներ է ստեղծել, նրա ապօրինի գործողությունները ցույց տվող նոր փաստաթղթեր են ի հայտ եկել: 

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Նիկոլայ Բաղդասարյանը: Քննիչի վերաբերյալ ոստիկանություն եւ դատախազություն հասցեագրված նրանց բողոքների պատասխանը ստացվել է, որից պարզ է դառնում, որ քննիչը արհեստական ապացույցներ է ստեղծել նրան ձերբակալելու համար: «Քննիչը գնացել է Վարդան Պետրոսյանի գրանցում ունեցող բնակարան եւ տեսել է, որ ինքը այնտեղ չի, գնացելէ գյուղում գտնվող նրա առանձնատուն, տեսել է, որ այնտեղ չի, պարզելով, որ չի կարողանում  նրան հայտնաբերել, որոշում է կայացրել նրան ձերբակալել: Այս ամենը շինծու փաստարակներ են, որովհետեւ Վարդանը եւ կինը պնդում են, որ քննիչը չի գնացել ոչ իրենց բնակարան, ոչ առանձնատուն, ավելին՝ առաջին իսկ օրվանից Վարդանի քրոջը հարցաքննելով՝  պարզել է, որ դերասանը վերջին 10 տարում ապրում է  քրոջ բնակարանում»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ քննիչի գործողություններում առկա է հանցակազմ եւ հույս ունի, որ Հատուկ քննչական ծառայությունը այս ամենը չի անտեսի, «հարց է ծագում՝ ինչով է բացատրվում կամ ովքեր են դրդված եղել, որ ստեղծեն արհեստական ապացույցներ Վարդան Պետրոսյանին ձերբակալելու համար»:

«Ենթադրում եմ՝ եղել է հանձնարարություն Վարդանին ձերբակալելու համար եւ այդ հանձնարարությունը կատարելու համար ստեղծվել են  նման արհեստական ապացույցներ, հարց է ծագում՝ հանրային նման հնչեղության գործով եթե համարձակվում են նման բան անել, պատկերացնւմ եք մյուս դեպքերով ինչե՞ր են անում»,- շեշտեց Վարդան Պետրոսյանի փաստաբանը

Մյուս խախտումը, որը թույլ է տրվել քննիչի կողմից, այն է, որ կասկածյալ ժամանակ, երբ Վարդան Պետրոսյանը ցանկացել է ցուցմունք տալ,  քննիչը չի արձանագրել, «նման երեւույթ կա Հայաստանում, երբ ուզում են անպայման մի վարորդի մեղադրեն, մյուսի ցուցմունքի հիման վրա նշանակվում է փորձաքննություն, իսկ նման պայմաններում պարզ է, որ թե ինչպիսի եզրակացություն կգա, այդպես մեղադրանք են ներկայացնում վարորդին, կալանավորում, գործը ուղարկում դատարան»: «Մինչեւ փորձագիտական եզրակացություն ստանալը ցուցմունք չվերցնելը խորհրդային ժամանակաշրջանից եկած մեթոդ է, որը հիմա էլ շարունակվում է: Քննիչը գործել է պլանավորված, վերցրել է  մի վարորդից  ցուցմունք, ուղարկել փորձաքննություն եւ եթե մի կողմից ցուցմունք ես վերցնում, այդպես ուղարկում փորձաքննության, բնականաբար, մյուս կողմը մեղավոր է դուրս գալիս: Սակայն, նրանք չեն պատկերացրել, որ փորձագետը կարող է տալ մյուս մեքենայի հետընթաց կատարելու մասին եզրակացություն, ինչը խառնել է խաղաքարտերը: Միանշանակ է, որ եղել է դիտավորություն Վարդանին մեղադրանք առաջադրելու մեջ, նրան կալանավորելու համար արել են ամեն ինչ, այդ թվում՝ ցուցմունք չվերցնելը, չարձանագրելը, առանց պաշտպանի հարցաքննելը եւ այլն»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը՝ հավելելով, որ «սցենարը գծվել է, քննիչը իրականացրել է այն»:

Նրանք այս շաբաթ դատարան մի շարք հայցադիմումներ են ներկայացնելու, բողոքարկելու են ձերբակալման որոշումը, քանի որ դրա հիմքում դրված փաստերը իրականությանը չեն համապատասխանում, դրանից բացի դիմելու են դատարան՝ պահանջելոով փոխհատուցում Վարդան Պետրոսյանին բարոյական վնաս հասցնելու համար, ինչպես նաեւ պահանջելու են, որպեսզի քննիչը ներողություն խնդրի: Փաստաբանը նաեւ տեղեկացրեց, որ այժմ Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը լավ է, դրական առաջընթաց կա:

Ինչ վերաբերում է Հակոբյանների հետ բանակցությունները սկսելուն, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ բանակցային փուլը չի սկսվել. «Մոտս տպավարություն է, թե այստեղ ոչ թե խնդիր կա օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու, այլ Վարդանին քրեական պատասխանատվության ենթարկելու, հարց է ծագում՝ ինչի՞ համար, ո՞վ է այս ամենի ռեժիսորը, սցենարիստը, կատարողը մենք գիտենք՝ քննիչն է՝ Հայկ Հակոբյանը»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, Վերաքննիչ դատարանը մերժել էր փոխել նրա խափանման միջոցը: