Հայաստանում ապրիլի 15-ին կբացվի հայ-ռուսական ինովացիոն համագործակցության կենտրոն։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց ՀՀ գիտության պետական կոմիտեի ինովացիոն եւ ներդրումային քաղաքականության բաժնի պետ Ռուզան Ասատրյանը՝ ավելացնելով, որ կենտրոնի հիմնական նպատակը համատեղ ինովացիոն քաղաքականության մշակումն ու նախագծերի իրականացումն է։

«Հայ-ռուսական ինովացիոն կենտրոնի մեկնարկը կազդարարի Россотрудничество-ի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջեւ համատեղ հուշագիրը, որը կստորագրվի ապրիլի 15-ին»,-ասաց Ասատրյանը՝ հավելելով, որ ներդրումները կլինեն ըստ ծրագրերի։

Ըստ նրա՝ ներդրումների չափը դեռ պարզ չէ, այն կհստակեցվի, երբ ստեղծվի կոմիտեն։

Ասատրյանի տեղեկացմամբ՝ Ռուսաստանի դաշնությունը նախատեսել է նմանատիպ ինովացիոն կենտրոններ բացել տարբեր երկրներում՝ Գերմանիայում, Ղազախստանում, Բելառուսում, Մոլդովայում, սակայն ինովացիոն առաջին կենտրոնը ռուսները նախատեսում են բացել Հայաստանում։