Բագրատաշենի նոր կամուրջի շինարարության հարցում, ինչպես նաեւ Բավրա անցակետի ճանապարհային հանգույցի տեղի ընտրության հարցում դեռեւս չկա լիարժեք համագործակցություն վրացի գործընկերների հետ։ Այս մասին հայտարարել է ՀՀ ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Ալավերդիում այսօր կայացած «Հայ-վրացական միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները» թեմայով խորհրդաժողովի ժամանակ, որին ներկա է եղել նաեւ Վրաստանի ԱԺ նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին։ «Ինչպես ձեզ հայտնի է Հայաստանը նախաձեռնել է Հայաստանի Հանրապետության հյուսիսային երեք սահմանային անցակետերի՝Բագրատաշենի, Բավրայի եւ Գոգավանի, արդիականացման համապարփակ ծրագիր, շուրջ 60 միլիոն եվրո արժողությամբ։ Նոր անցակետի շինարարությունը մեկնարկել է 2013 թվականի սեպտեմեբերին, շինարարական աշխատանքների իրականացման հարցում անհրաժեշտ է սերտ համագործակցություն եւ համակարգում վրացի գործընկների հետ, մասնավորապես Բագրատաշենի նոր կամուրջի շինարարության, ինչպես նաեւ Բավրա անցակետի ճանապարհային հանգույցի տեղի ընտրության հարցերում, ցավոք այս հարցում դեռեւս չկա լիարժեք համագործակցություն»,-ասել է նա՝ կարծիք հայտնելով, որ անցակետերի շինարարական աշխատանքների իրականացման հարցը չպետք է կապել հայ-վրացական պետական սահմանի դելիմիտացիայի հարցի հետ։
Ըստ Աբրահամյանի՝ տվյալ պարագայում անհրաժեշտ է համաձայնության հասնել անցակետերի հատվածների շինարարության հարցում։ «ՀՀ կառավարությունը առաջիկայում քննարկում կունենա վրացի գործընկերերի հետ այդ հարցերի մասին»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը, հայցելով գործընկերոջ, Դավիթ Ուսուպաշվիլիի, աջակցությունը վրացական կողմի համագործակցությունը ապահովելու հարցում։
Աբրահամյանն այնուամենայնիվ նշել է, որ Հայաստանի ու Վրաստանի միջեւ այսօր ակիտիվ համագործակցություն է նկատվում տրանսպորտի եւ հաղորդակցության, գյուղատնտեսության ենթակառուցվածքաների զարգացման եւ մի շարք այլ ասպարեզներում։
Նշենք, որ երկու երկրների միջեւ միջխորհրդարանական համագործակցության լիագումար նիստը անցկացվում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ:











