Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի եւ Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆի հանդիպման ընթացքում քննարկվել են Երեւանի եւ Թեհրանի միջեւ հարաբերությունների ակտիվացման ուղիները: Այս մասին հայտնում է «Ֆարս» գործակալությունը՝ նշելով, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային եւ միջազգային վերջին զարգացումները:
Իրանի արտգործնախարարը Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները բնութագրել է որպես բարեկամական: «Իրանի նոր ղեկավարությունը հատուկ նշանակություն է տալիս հարեւանների հետ հարաբերությունների ընդլայնմանը, մենք համագործակցությունն ավելի աշխուժացնելու հույս ունենք»: Ըստ նրա` Հայաստանն ու Իրանը առեւտրատնտեսական համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ ունեն, եւ պաշտոնատար անձանց փոխադարձ պարբերական այցերը կարող են արդյունավետ դեր խաղալ երկկողմ կապերի ընդլայնման հարցում:
Իր հերթին` Քոչարյանը նույնպես հույս է հայտնել, որ բարձր մակարդակի փոխայցերը կնպաստեն բոլոր բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացմանը:





























