Ադրբեջանի նախագահի վարչակազմում բաժնի վարիչ Ալի Հասանովը հայրենակիցներին «հեռու է պահել հայերի հետ հարեւանությունից»:
«Համազգային առաջնորդ Հեյդար Ալիեւը ղարաբաղյան հակամարտության ամենասկզբից մշտապես ակտիվության կոչ էր անում ադրբեջանցի երիտասարդությանը, լուսավորականներին, մտավորականներին, մեր գիտնականներին, Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացու: Քանի որ յուրաքանչյուր ադրբեջանցի իր գործունեությամբ պետք է իրականացնի եւ շարունակի հայերի դեմ պայքարը»,- «Վիրտուալ Ղարաբաղ» ինտերնետային էջի եւ Կենտրոնի բացման արարողության ժամանակ հայտարարել է Հասանովը, հայտնում է ԱՊԱ-ն:
Պաշտոնյան հայտարարել է, որ անկախ գործունեության տեսակից, ոչ մի ադրրբեջանցի չպետք է մոռանա հայերի հետ հարեւանության առնչությամբ իր պատասխանատվության ու խնդիրների մասին. «Հայերի հետ հարեւանությունը շատ հարցերում ադրբեջանցիների համար հավելյալ պատասխանատվության պատճառ է դառնում: Անցնող փուլերի ընթացքում մենք հայերի կողմից ենթարկվել ենք ֆիզիկական, բարոյական, տեղեկատվական եւ այլ բնույթի հարձակումների: Դա սկսած 1905-1907, 1918-1920, 1948-1953 եւ 1988 թվականներից շարունակվում է առ այսօր: Ավելի քան 200 տարի Ադրբեջանի նկատմամբ ցեղասպանության քաղաքականություն է իրականացվել: Այդ քաղաքականությունն ինչ-որ իմաստով հայերի նախաձեռնությունն է, ինչ-որ իմաստով էլ նրանց հովանավորների: Ցեղասպանության քաղաքականության էությունը ոչ միայն ադրբեջանցիների ֆիզիկական ոչնչացումն է, այլ նաեւ նրանց պատկանող տարածքների զավթումը, աշխարհով մեկ խայտառակումը, ինչպես նաեւ ադրբեջանական ազգի մշակութային արժեքների, ազգային սովորույթների եւ ավանդույթների ոտնահարումը ողջ աշխարհի աչքի առաջ:
Վարչակազմի ներկայացուցիչը նշել է, որ ադրբեջանցիների արդի սերնդի առաջ բառի ուղղակի իմաստով լուրջ խնդիր է ծառացած. «Խնդիրը կայանում է նրանում, որպեսզի երբեք չմոռանան հարեւան հայերի կողմից մեզ սպառնացող վնասի, հարձակումներ եւ վտանգների մասին ու պայքարել նրանց դեմ: Հայերի հետ հարեւանությունը ադրբեջանցիների առաջ դնում է աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական, անվտանգության հետ կապված եւ այլ մշտական խնդիրներ: Իսկ պայքարը ոչ միայն ադրբեջանցիների, մեր ազգի ու պետության ֆիզիկական անվտանգության ապահովումն է»:
«Ինձ ուրախացնում է, որ այդ պայքարին է միացել նաեւ ադրբեջանցի երիտասարդությունը: Մենք շատ ուրախ ենք, որ ադրբեջանական երիտասարդությունը հանդես է գալիս հայերի դեմ ոչ միայն զենքը ձեռքին ու ֆիզիկական լավ պատրաստվածությամբ, այլ նաեւ զինվելով մտավոր ու այլ միջոցներով, որոնք պահանջվում են արդի աշխարհում»,- հայտարարել է Հասանովը:
Այդ կերպ պաշտոնյան հերթական անգամ ցույց է տվել հարեւանների հանդեպ ադրբեջանական «հանդուրժողականության» եւ հարգանքի իրական պատկերը:





























