«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն («Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը) Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոներն է:
Իրան-Հայաստան երկաթուղու նախագծվող ճյուղի կոնցեսիան կստանա ԱՄԷ-ում գրանցված ներդրումային «Ռասիա» ընկերությունը: Հայաստանի տրանսպորտի նախարարության հետ պայմանավորվածության համաձայն՝ ՀԿԵ-ն կստանա այն շահագործելու արտոնյալ իրավունք: Այս եւ այլ հարցերի մասին NEWS.am-ը զրուցել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հետ:
Ի՞նչ նորություն կա Վանաձոր-Ֆիոլետովո ճյուղի շինարարությունի՞ց: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի եւ դեկտեմբերի սկզբին հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի ընթացքում ինչ-որ համաձայնագրեր կնքվե՞լ են: Նախագծի ՏՏՀ-ն արդեն պատրա՞ստ է:
ՏՏՀ-ն արդեն վաղուց պատրաստ է, բայց համաժողովի շրջանակում վերջնական որոշումներ չեն կայացվել:
Իսկ Իրան-Հայաստան երկաթուղու մասո՞վ:
Այդ մասով եւս առայժմ նորություն չկա: Կա ընկերություն, որը մինչեւ 2013թ. վերջը ՏՏՀ մշակելու պարտավորություն ուներ: Ինձ հայտնի վերջին տվյալով՝ այն ավարտել է աշխատանքը:
Ձեզ ծանոթացնո՞ւմ են աշխատանքի արդյունքներին:
Իհարկե: Ամիսուկես առաջ մենք հանդիպեցինք «Ռասիա» ընկերության ներկայացուցիչների հետ, նրանք ներկայացրին իրենց մշակումները շինարարության հերթական փուլի համար: Իսկ մենք տեղեկատվական աջակցություն ենք ցուցաբերում: Հատուկ այդ նպատակով ես Իրան եմ մեկնել, բանակցություններ վարել Առեւտրաարդյունաբերական պալատում եւ տրանսպորտի նախարարությունում: Իհարկե, մեկ հանդիպմամբ գործընթացի չես ավարտի, մշտական շփումներ են հարկավոր:
Ֆինանսավորման հարցո՞վ:
Ավելի շուտ, խոսքն առայժմ կազմակերպչական հարցերի, ՏՏՀ-ի ամփոփիչ փուլի համար տվյալների հավաքման մասին է: ՏՏՀ-ն լինի, կլինեն ճանապարհի կառուցման տարբերակներ, պարզ կդառնա հավանական արժեքը: Այդ ժամանակ էլ կդիտարկվեն ֆինանսավորման մոդելները: Բայց եւ այս փուլում հայտնի է, որ չինական «CCCC» ընկերությունը պատրաստ է օգտագործել իր ռեսուրսները եւ շինարարական արտադրական հզորությունների հնարավորությունները:
ՏՏՀ-ում երկաթուղու շինարարության արժեքի գնահատումը պատրա՞ստ է: Միգուցե՝ առայժմ ո՞չ վերջնական:
Վերջնական թիվը որոշված չէ, բայց խոսվում է 3 մլրդ դոլարից ավելի գումարի մասին: Սա շատ լավատեսական գնահատական է, իսկ առավել մանրամասն գնահատում կարվի աշխատանքային փաստաթղթերը պատրաստելիս:
«Ռուսական երկաթուղիներն» իր բաժին ֆինանսավորման հարցում կողմնորոշվե՞լ է:
Մենք դեռ չենք հասել այն փուլին, երբ ֆինանսական բեռն է բաշխվում: Այս փուլում մոտեցումը հետեւյալն է. «Ռասիա» ընկերությունը ՏՏՀ է մշակում եւ հանդես գալիս որպես կոնցեսիոներ՝ իրացնելով երկաթուղու կառուցման եւ դրա հետագա շահագործման իր լիազորությունները: Իսկ մենք՝ որպես երկաթուղու նոր հատվածի շահագործող ընկերություն, ձեւակերպում ենք ապագայի մեր տեսլականը:
Այսինքն, որոշվա՞ծ է, որ երկաթուղու այդ հատվածը ՀԿԵ-ն է շահագործելու:
Այնքան էլ այդպես չէ: Կա 2013թ. Հայաստանի տրանսպորտի նախարարության, «Ռասիա» ընկերության եւ ՀԿԵ-ի միջեւ ստորագրված եռակողմ համաձայնագիր, որտեղ արձանագրված է մեր արտոնյալ իրավունքը: Համենայնդեպս, այդպես ենք մտածում մենք եւ ապագա կոնցեսիոներ «Ռասիա» ընկերությունը: Իր կոնցեսիոներական պարտավորությունների իրացման շրջանակում նրանք ՏՏՀ եւ նախագծային փաստաթղթեր են մշակում, իսկ հետագայում կկառավարեն երկաթգծի շինարարությունը:
Իսկ «Ռուսական երկաթուղիները» շինարարությանը չի՞ պատրաստվում մասնակցել:
Տվյալ փուլում «Ռուսական երկաթուղիների» հետ խոսակցության նյութ առայժմ չկա:
Զրուցեց Արամ Գարեգինյանը





























