Իրանական ատոմային ծրագիրը կարող է սպառազինությունների նոր մրցավազքի սկիզբ դառնալ: Այդ մասին ապրիլի 8-ին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ ՌՀՍ նոր պայմանագրի ստորագրումից հետո Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

ԱՄՆ նախագահի խոսքով, Վաշինգտոնն աշխատելու է նրա վրա, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը լուրջ պատժամիջոցներ ընդունի Իրանի դեմ: «Մենք չենք հանդուրժի միջուկային զենքի չտարածման ռեժիմի դեմ կատարվող որեւէ գործողություն»,- ընդգծել է Օբաման:

Նա նշել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները ՄԱԿ ԱԽ-ում կարող են ընդունվել արդեն գարնանը: «Մենք ՄԱԿ-ում նոր բանակցություններ կվարենք առաջիկա շաբաթվա ընթացքում, եւ ես կարծում եմ, որ կկարողանանք վճռական պատժամիջոցների հասնել Իրանի դեմ արդեն այս գարնանը»:

Միեւնույն ժամանակ, ինչպես այդ համատեքստում նշել է Ռուսաստանի նախագահը, Թեհրանը ատոմային ծրագրի հարցում չի արձագանքում մի շարք փոխզիջումային առաջարկների, եւ «մենք չենք կարող փակել մեր աչքերը»: