Հայաստանին Իրանի կողմից 100 դոլարով գազ վաճառելու հնարավորության մասին Իրանի դեսպան Մուհամադ Ռեիսիի հայտարարության հետ կապված թյուրիմացություն է եղել: Այս մասին դեկտեմբերի 19-ի մամուլի ասուլիսում հայտարարել է  իրանագետ Ռուդիկ Յարալյանը:

Ըստ նրա` Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությամբ, ըստ որի  Իրանին ոչինչ չի խանգարում սովորական երկրներին գազ վաճառել 400 դոլարով եւ 100 դոլարով` բարեկամներին, ոչ մի որոշակի առաջարկ  չի հնչեցվել, այլ միայն ասվել է, որ կարելի է բանակցություններ վարել:

«Չպետք է լուն ուղտ դարձնել: Ներկայումս Հայաստանի համար ավելի շահավետ է «Գազպրոմի» սակագինը: Եթե բանակցությունների արդյունքում Իրանն ավելի ցածր գնով գազ տրամադրի, ապա այն ժամանակ Հայաստանը կմտածի այդ առաջարկի մասին», - հավելել է իրանագետը:

Այն հարցին, թե արդյոք դա Ռուսաստանի եւ Իրանի միջեւ մրցակցության դրսեւորում չէ, եւ ինչպես այն կազդի Հայաստանի վրա, Ռուդիկ Յարալյանը պատասխանել է. «Հայաստանը շահավետ տարբերակը կնախընտրի: Եթե Իրանի գազի սակագինը ռուսականից  ցածր լինի, ապա մենք գազն Իրանից կգնենք: Սակայն մինչ այդ մեզ համար ավելի ձեռնտու է Ռուսաստանի գազը»:

Հիշեցնենք, որ Հայաստանում Իրանի դեսպան Մուհամադ Ռեիսին  դեկտեմբերի 6-ի մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ բարեկամ երկրների նկատմամբ, ինչպիսին է Հայաստանը, կարելի է մյուսներից տարբեր մոտեցում կիրառել: Նա նշել էր, որ տեսականորեն ոչինչ չի խանգարում Իրանին սովորական երկրներին գազ վաճառել 400 դոլարով եւ 100 դոլարով` բարեկամներին:

Նշենք, որ դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցի ընթացքում ստրորագրված փաստաթղթերի համաձայն՝ Հայաստանի համար ռուսական գազի սակագինը հազար խմ-ի դիմաց կազմում է 189 դոլար: