«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հետ համատեղ ամփոփել են 2013թ–ի համագործակցության արդյունքները։
Այսօր կայացած մամուլի ասուլիսին «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը եւ Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտներ, Հոգաբարձուների խորհրդի անդամներ՝ Արմինե Գրիգորյանը, Կարեն Քոչարյանը եւ Կարեն Շահգալդյանը ներկայացրել են 2013թ–ին իրականացված ծրագրերը։
Այս տարի Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտներն անցկացրել են ավելի քան երկու տասնյակ համերգ եւ վարպետության դասեր երաժշտական դպրոցի սաների համար ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։ Եռյակն ակտիվ մասնակցություն է ունեցել մայրաքաղաքի մշակութային կյանքում, մասնավորապես Մեծն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հոբելյանական միջոցառումների շրջանակում։
«Դասական երաժշտության գործերը դա մի ունիվերսալ լեզու է եւ որտեղ էլ որ դրանք հնչեն թարգմանության կարիք չունեն։ Այս հիանալի արվեստը միացնում է մարդկանց՝ դարձնելով մեր կյանքն առավել ներդաշնակ։ «ԱրմենՏել» ընկերությունն իր սոցիալական ծրագրերով նույնպես փորձում է դարձնել կյանքն ավելի լավ։ Արդեն երորրդ տարին է, ինչ շարունակվում է «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հետ համագործակցությունը եւ մենք երջանիկ ենք, որ այդ ժամանակահատվածում հարյուրավոր տաղանդաշատ երեխաներ ստանում են կրթաթոշակներ եւ դասընթացներ ճանաչված երաժիշտների կողմից։ Վստահ ենք, որ մեր ներդրումը տաղանդավոր երիտասարդների շրջանում իր ուրույն տեղը կգտնի՝ բացահայտելով հայ երաժշտական արվեստի նոր անուններ, որոնք կհարստացնեն միջազգային դասականների շտեմարանը նոր երաժշտական գլուխգործոցներով», - նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Մեզ համար շատ կարեւոր եւ պատվավոր է համագործակցել այնպիսի մի լուրջ ընկերության հետ, ինչպիսին «ԱրմենՏել»–ն է, քանի որ այն լրացուցիչ խթան է հանդիսանում մեր հետագա գործունեության համար։ Հուսով ենք, որ «ԱրմենՏել» ընկերության օգնությամբ մենք կարող ենք որոշ չափով բարելավել դասական երաժշտության իրավիճակը կրթական ոլորտում»,- նշեց «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ Արմինե Գրիգորյանը:
Խաչատրյանի անվան եռյակը հիմնադրվել է 1999 թ-ին որպես «Արսիկա»:
Համույթը հանդես է եկել Շվեյցարիայում, Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Չինաստանում, Բուլղարիայում, Վրաստանում, Մոլդովայում, Ռուսաստանում եւ Հայաստանում: Տրիոն համերգներով հանդես է եկել այնպիսի համերգասրահներում, ինչպիսին են` Musikverein Վիեննայում, Laiezhalle Համբուրգում, Gewandhaus Լայպցիգում, Gasteig-Philharmonie Մյունխենում։ Մասնակցել է Լոզանում «Schubertiade», Կոստա-Ռիկայում «Festival de las Artes», Մեքսիկայում «Festival International Cervantino» փառատոներին:
Խաչատրյանի անվան եռյակը սերտորեն համագործակցում է ժամանակակից կոմպոզիտորների հետ: Համույթը իրականացրել է բազմաթիվ պրեմրիրաներ, մի շարք ստեղծագործություններ ձոնվել են եռյակին: 2006 թ-ից եռյակը հանդես է գալիս հետեւյալ կազմով` Արմինե Գրիգորյան-դաշնամուր, Կարեն Շահգալդյան-ջութակ, Կարեն Քոչարյան-թավջութակ:
«Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը ստեղծվել է Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից 2010թ–ին։ Հիմնադրամի հիմնական գործունեությունն ուղղված է կրթական եւ բարեգործական ծրագրերի իրականացմանը դասական երաժշտության ոլորտում: «ԱրմենՏել» ընկերությունը հանդիսանում է Հիմնադրամի մշտական գործընկերը 2011թ–ից ի վեր։




























