Իրանը պատրաստ է համագործակցել Մաքսային միության հետ, բայց չընդգրկվել դրա կազմում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է իրանագետ Ռուդիկ Յարալյանը:

Նա նշել է, որ տարածաշրջանում նկատվում են բավական ակտիվ տնտեսական ինտեգրացիոն գործընթացներ, որոնցում էական է Իրանի դերը: Դա հասկանում են ինչպես Իրանի մոտ հարեւանները, այնպես էլ մյուս երկրները:

Յարալյանի խոսքով՝ Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի գլխավորած պատվիրակության այցն Իրան պետք է կապել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Իրան այցելության հետ:

Հաշվի առնելով այն փաստը, որ երկու պատվիրակություններն էլ գլխավորել են ԱԳՆ ներկայացուցիչները եւ երկու դեպքում էլ քննարկվել են երկկողմ եւ տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաեւ այն, որ Ռուսաստանը Մաքսային միությունում առաջատար երկիրն է, իսկ Հայաստանը ապագայում կդառնա ՄՄ-ի միակ անդամը, որը սահման ունի Իրանի հետ, ապա այդ երկու այցերի տրամաբանությունը եւ նպատակները հասկանալի են դառնում: Այդ տեսանկյունից կոնկրետացվում են ՄՄ-ի հետ Իրանի համագործակցության ուղղությունները»,-ասել է իրանագետը:

Յարալյանի խոսքով՝ Իրանը հետաքրքրված է Մաքսային միության հետ համագործակցությամբ: Իրանի դերը այդ համատեքստում կարող է կրկնակի կարեւոր լինել: Իրանը կարող է մեծացնել ապրանքաշրջանառությունը ՄՄ-ի հետ, ինչպես նաեւ կապող օղակ կլինի ՄՄ-ի եւ այլ երկրների միջեւ: «Ես կարծում եմ, Իրանը ապագայում չի հրաժարվի այս պլաններից»,-հավելել է իրանագետը, նշելով, որ Իրանը չի ցանկանա դառնալ ՄՄ-ի անդամ:

«Իրանը կայսերական հայացքներով եւ մեծ հնարավորություններով երկիր է, եւ նա չի ցանկանա սահմանափակել իր գործողությունները ՄՄ-ի օրենսդրությամբ: Նա կփորձի սեփական խաղը խաղալ»,-ընդգծել է Ռուդիկ Յարալյանը: