Իրանը եւ իրանական միջուկային խնդրի միջնորդ երկրների «վեցնյակը» կշարունակեն առաջ ընթանալ, չնայած նրան, որ գոյություն ունի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հակազդեցություն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի(Թեհրան) միջազգային կազմակերպությունների բաժնի տնօրեն Սեյեդ Ալի Թաբաթաբաեե Փանահը:
Նրա խոսքով` այն բանից հետո, երբ Իրանի նոր նախագահ Հասան Ռոուհանին եկավ իշխանության, նա փորձեց փոխել երկրի արտաքին քաղաքականությունը, եւ նրա առաջնահերթությունը միջուկային ճգնաժամի ավարտն էր:
Իրանը, ինչպես ընդգծել է փորձագետը, «վեցնյակի»ներկայացուցիչների հետ (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան եւ Գերմանիա) շատ բարդ եւ լուրջ բանակցություններ է վարել: «Մենք 3 ամսվա ընթացքում նրանց հետ արագ եւ արդյունավետ համաձայնության ենք հասել: Այժմ մենք հնարավորություն ունենք 6 ամոսվա ընթացքում խոսել այդ համաձայնագրի առանձնահատկությունների եւ մանրամասների մասին, ինչով որ զբաղվում են Իրանի եւ «վեցնյակի»փորձագետները», -նշել է Սեյեդ Ալի Թաբաթաբաեե Փանահը` ընդգծելով, որ դա իսկապես դժվար համաձայնություն էր:
Հիշեցնենք, որ ընթացկ տարվա նոյեմբերի 24-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներից, ինչպես նաեւ Գերմանիայից բաղկացած «վեցնյակի» եւ Իրանի միջեւ համաձայնություն կայացավ ԻԻՀ միջուկային ծրագրի շուրջ: Այդ կերպ ավարտվեցին ընդհատումներով ավելի քան 10 տարի շարունակվող բանակցությունները: Միջազգային հասարակությունը ճանաչեց Իրանի Իսլամական Հանրապետության իրավունքտ զարգացնել ատոմային էներգետիկան, իսկ Թեհրանն իր հերթին հրաժարվեց միջուկային զենքի մշակումից: Համաձայնությունը, սակայն, կնքվել է 6 ամիս ժամկետով:





























