Հայաստանում գիտնականների կողմից նորարարական բազմաթիվ առաջարկներ են արվում, սակայն շուկայում դրանք կյանքի կոչելու պահանջարկ չկա։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Հայաստանի նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնի ձեռներեցության աջակցության եւ առեւտրայնացման բաժնի գլխավոր մասնագետ Սիրուշ Տիրացվյանը։ «Գիտնականներից ոմանք մինչեւ 25 գյուտ են ներկայացնում կենտրոն, սակայն գործարարների կողմից այդ նորարարությունների նկատմամբ հետաքրքրություն գրեթե չկա»,- նշեց Տիրացվյանը՝ ավելացնելով, որ վերջին մի քանի ամսում գործարարների կողմից նոր գաղափարները բիզնեսում իրագործելու համար ընդամենը ինը հարցում է կատարվել, որոնք հիմնականում սննդի արդյունաբերությամբ զբաղվող ընկերություններ են։

Տիրացվյանի խոսքով՝ առայժմ կենտրոնը տեղեկատվական աջակցություն է ցուցաբերում նոր գաղափարների առեւտրայնացման գործընթացին: Ենթադրվում է, որ կենտրոնը կծառայի որպես հարթակ նորարարություններ կիրառող ձեռներեցների եւ գյուտարարների միջեւ համագործակցության հաստատման եւ առևտրայնացման համար: Այդ կապակցությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, մասնավորապես՝ առեւտրայնացման համար անհրաժեշտ տվյալների բազաների ձեւավորման եւ տեղեկատվության մատչելիության ապահովման ուղղությամբ:

«Պետք է գյուտի գաղափարը պարտադիր գիտատեխնիկական փորձաքննություն անցնի, որպեսզի կյանքի կոչվի եւ ներդրողը վստահ լինի, որ ռիսկերը հասցված են նվազագույնի»,- ասաց Տիրացվյանը՝ ավելացնելով, սակայն, որ դեռեւս չկան նպաստավոր պայմաններ այդ ամենը կյանքի կոչելու համար։