ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ ընդունելու օրենսդիր որոշումների վրա վետո կդնի: Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը:

«Կոնգրեսի անդամների հետ քննարկել ենք այդ թեման ու հստակ հասկացրել ենք, որ նոր պատժամիջոցներ ընդունելու ժամանակը չէ: Չենք կարծում, որ այդ փաստաթուղթն ընդունվի»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին:

«Եթե օրինագիծը ընդունվի, նախագահը կօգտվի վետոյի իրավունքից»,-հավելել է նա:

Ավելի վաղ քսանվեց սենատորներ առաջարկել էին Իրանի դեմ նոր հնարավոր պատժամիջոցների մասին օրինագիծ:

Նրանք կարծում են, որ ԱՄՆ-ն կարող է նման քայլի գնալ, եթե Թեհրանը խախտի համաշխարհային գերտերությունների հետ միջուկային համաձայնագրի վերաբերյալ միջանկյալ համաձայնագիրը, որը ձեռք է բերվել նոյեմբերին:

Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին այդ առաջարկություններն անտեղի ու պոտենցիալ վտանգավոր է կոչել, քանի որ դրանք կարող են բանակցությունների վրա բացասանար անդրադառնալ:

Նշենք, որ դեկտեմբերի 19-ին Ժնեւում Իրանի ու վեց գերտերությունների մասնագետները վերսկսել են միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները: