Համակարգչային մկնիկն արմատապես փոխում է տարածության ընկալումը, ինչի շնորհիվ մարդը սկսում է զգալիորեն լավ կողմնորոշվել տարածության մեջ եւ «ընդհանրացնել» իր գործողությունները: Այս մասին ասված է Current Biology ամսագրի հոդվածում:
ԱՄՆ-ի Չիկագոյի հյուսիսարեւմտյան համալսարանի նյարդաֆիզիկոսները անսովոր փորձ են իրականացրել՝ չինացի 18 կամավորների մասնակցությամբ, որոնց կեսը երբեք մկնիկով չէր աշխատել: Գիտնականները բոլորին առաջարկել են սովորական թեստ անցնել՝ հպվել էկրանի 8 կետերից մեկին՝ միաժամանակ սեղանի տակ ձեռքը շարժելով:
Երկու խմբերի մասնակիցներն էլ խնդիրը բավական լավ են կատարել, սակայն համակարգչի առաջ աշխատելու փորձ ունեցողները բավական արագ են հարմարվել այն իրավիճակներում, երբ ձեռքը պետք էր շարժել դեպի անսովոր կետը: Ըստ գիտնականների՝ դա խոսում է այն մասին, որ նրանց ուղեղն ավելի լավ է «ընդհանրացրել» սովորելու ընթացքում ձեռք բերված հնարքները, հայտնում է informing.ru-ն:
Քանի որ զարգացած երկրներում շատ մարդիկ համակարգչով աշխատելու փորձ ունեն, հոդվածի հեղինակներն առաջարկում են դա հաշվի առնել՝ մարդկային ուղեղի՝ շարժումները կառավարող հատվածներն ուսումնասիրելիս:





























