Իսպանիայում Google-ին տուգանել են օգտվողների անձնական տվյալները բացահայտելու համար: Ընկերությանը տուգանել են 900 հազար եվրոյով: Այս մասին հայտնում է The Wall Street Journal -ը:
Տվյալների պաշտպանության Իսպանիայի գործակալության անցկացրած ստուգումների արդյունքում պարզվել է, որ Google-ը խախտել է անձնական տվյալների գաղտնիության մասին օրենքը: Google-ին մեղադրում են օգտվողների մասին տեղեկություններ հավաքելու, մի քանի ցանցերի միջոցով ստացված տեղեկությունները միավորելու, եւ տվյալներն առանց օգտվողների իմացության անորոշ ժամանակով պահելու մեջ:
Համացանցային գիգանտի ներկայացուցիչներն իրենց գործողություններն արդարացրել էին հետազոտություն անցկացնելու անհրաժեշտությամբ՝ ընկերության հետագա ռազմավարությունը որոշելու համար: Ընկերությունը մտադիր է հետագայում էլ շարունակել համագործակցել գործակալների հետ՝ «ավելի պարզ եւ արդյունավետ ծառայություններ ստեղծելու համար»:
Չի բացառվում, որ Google-ին կտուգանեն նաեւ Նիդեռլանդներում եւ Գերմանիայում:
Հաղորդվում է, որ ավելի վաղ ընկերությունը բջջային հեռախոսների Android օպերացիոն համակարգից ջնջել էր օգտվողների գաղտնիության ծառայությունը: Այն թույլ էր տալիս թաքցնել սարքի տիրոջ գտնվելու վայրը եւ այլ անձնական տեղեկություններ:





























