Գազի ոլորտում Ռուսաստանի շահերը տարբերվում են Հայաստանի շահերից: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ԱԺ արտահերթ նիստում, որը նվիրված է Ռուսաստանի հետ գազային համաձայնագրին, հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ Իրանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունների ջերմացումը լավ հեռանկարներ է բացում իրանական գազը Հայաստանի եւ Վրաստանի տարածքով Եվրոպա հասցնելու հարցում: Գազի տարանցիկ մատակարարումները ամբողջությամբ կամ մասնակիորեն կբավարարեին Հայաստանի պահանջմունքները, հայտարարել է Փաշինյանը:

«Այդ երթուղին, որը կարող է շատ հետաքրքրել Եվրոպային, հանդիպում է Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի դիմադրությանը, քանի որ դա հակասում է նրանց շահերին»,-նկատել է ՀԱԿ պատգամավորը: Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի աջակցությամբ, հայկական կողմը անում է ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը կարողանա բացառել այդ սցենարը եւ փակել իրանական խողովակը: