Հայաստանը կարող է Ղրղըզստանից շուտ միանալ Մաքսային միությանը, անդամակցությանն ուղղված աշխատանքն առաջ է գնում «շատ արագ տեմպերով»: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Ըստ նրա, Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու «ճանապարհային քարտեզը» դեկտեմբերի 24-ին կստորագրվի Մոսկվայում` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, որտեղ քննարկվելու է 2014թ. մայիսին Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու վերաբերյալ պայմանագրի ստորագրման նախապատրաստումը: Նոր միությունը պետք է ստեղծվի գործող ՄՄ-ի հիման վրա` 2015թ.:
«Կցանկանայի նշել, որ հայկական դիմումը դիտարկելու համատեքստում փորձագետների աշխատանքը բավական ինտենսիվ է ընթանում, շատ արագ տեմպերով: Նույնիսկ ինչ-որ տեղ առաջ է անցնում Ղրղըզստանի հետ տարված եւ տարվող աշխատանքից», - հայտարարել է Ուշակովը:
«Ղրղըզստանի անդամակցության «ճանապարհային քարտեզի» հարցը նույնպես քննարկվելու է: Պարզապես այն մշակվածության նույն մակարդակում չէ, ինչ հայկականը», - հավելել է նախագահի օգնականը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Մոսկվայում քննարկվելու են նաեւ Հայաստանի եւ Ղրղըզստանի դիմումները ՄՄ-ին անդամակցելու վերաբերյալ:
Հիշեցնենք, NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա, որի ընթացքում պետության ղեկավարը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին:
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի խոսքով՝ նիստում նախատեսվում է հաստատել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «Ճանապարհային քարտեզը»: Անդամակցության մասին պայմանագրի տեքստը պետք է պատրաստ լինի մինչեւ 2014թ. մայիսը:
Ղրղըզստանը Մաքսային միությանն անդամակցելու ցանկություն էր հայտնել 2011թ., այնինչ Հայաստանն այդ որոշումը կայացրել էր 2013-ի սեպտեմբերին:





























