Դեկտեմբերի 24-ին Մոսկվայում ավարտվել է քաղաքացիական ավիացիայի եւ օդային հաղորդակցության ոլորտում փոխադարձ ազատականացման շուրջ ՀՀ եւ ՌԴ պետական մարմինների միջեւ խորհրդակցությունների փուլը:

Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե Ռուսաստանի Դաշնության ավիացիոն իշխանությունների հետ քաղաքացիական ավիացիայի բնագավառում երկկողմ համագործակցության շրջանակի վերանայման շուրջ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով դեկտեմբերի 23-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվա է մեկնել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանի գլխավորած պատվիրակությունը:

Դեկտեմբերի 24-ին ՌԴ տրանսպորտի նախարարությունում տեղի է ունեցել երկկողմ խորհրդակցություն, որի ժամանակ ռուսական կողմը նշել է դեպի Հայաստան թռիչքներ իրականացնելու վերաբերյալ ռուսական ավիաուղիների բարձր հետաքրքրվածության մասին:

Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են Արձանագրություն, համաձայն որի կատարվել են համապատասխան փոփոխություններ «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» 1993 թվականի հոկտեմբերի 4-ի Համաձայնագրի հավելվածում: Արձանագրության համաձայն, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ քաղաքացիական ավիացիայի եւ օդային հաղորդակցության բնագավառում կգործի ազատությունների ավելի բարձր աստիճան, ինչը երկու երկրների ավիափոխաղդրողներին հնարավորություն կընձեռի ընդլայնել մատուցվող ծառայությունները:

Այսպիսով` Հայաստանում քաղաքացիական ավիացիայի եւ օդային հաղորդակցության ոլորտում բաց երկնքի քաղաքականության ներդրման շրջանակներում արդեն մեկնարկել են բանակցություններն օտարերկրյա պետությունների կառավարությունների հետ: