«Նախախորհրդարանի» անդամներն այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Մաշտոցի պուրակում 10, 20, 50, 100 մանրադրամներով դրամահավաք էին կազմակերպել` հավաքելու վարչական տույժի ենթարկված այն քաղաքացիների 58 հազարական դրամները, որոնք մասնակցել էին 2012-ին Մաշտոցի պուրակում անօրինական շինությունների ապամոնտաժման գործին:

«Այսօր մենք որոշեցինք կես լուրջ-կես կատակ, ինչպես ամեն ինչ այս վերջին տարիներին մեր երկրում կատարվում է, դեղին սաղավարտները շուռ տալ ոչ թե ապամոնտաժելու, այլ գումար հավաքելու համար։ Մենք ուզում ենք փակուղուց դուրս բերել այն մարդկանց, որոնք ստացել են այդ պահանջն այսպես կոչված արդարության ատյաններից»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նախախորհրդարանի» անդամ Տիգրան Խզմալյանը, ով տուգանվել է 58 հազար դրամով։

Խզմալյանի խոսքով՝ տուգանքը վճարել, կնշանակի ընդունել ապօրինի որոշումը. «Մենք չենք վճարում ոչ թե այն պատճառով, որ վճարունակ չենք, այլ այդ քայլով կնմանվենք ԱԺ-ի ընդդիմության ուժերին, այսինքն մեր ներկայությամբ համաձայնում և ընդունում ենք այդ ապօրինի պահանջը»։

Նախախորհրդարանի անդամներից տուգանվել է նաև Կարո Եղնուկյանը, ում բանկային հաշիվները մինչև տուգանքը վճարելը, կալանքի տակ են եղել. «Պատահաբար այցելեցի բանկ և ինձ ասացին, «Գիտե՞ք, Ձեր հաշիվը կալանքի տակ է»: Իմ գումարից հանեցին 58 հազար դրամը, վճարեցին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը։ Մի քանի  օր անց վերացրին բոլոր կալանքները»:

Դրամահավաքին հիմնականում մասնակցում էին Նախախորհրդարանի անդամներն ու բնապահպան ակտիվիստները։ Ցրտին դիմանալու համար ակտիվիստները շրջան կազմած հայկական կատակ երգեր էին կատարում։