Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) ակցիա է անցկացնում։ Ինչպես NEWS.am-Ինովացիային տեղեկացրին «ԱրմենՏել» ընկերության մամուլի ծառայությունից, ակցիայի շրջանակում Beeline բջջային ցանցի բաժանորդները, զանգահարելով 1945 անվճար հեռախոսահամարին, կարող են բջջային հեռախոս ներբեռնել պատերազմական տարիներին ճանաչված երգեր («Темная ночь», «Катюша», «Прощание славянки», «День победы», «Синий платочек»), փոխել հեռախոսի պաստառը Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 65-ամյակին նվիրված պաշտոնական տարբերանշանով, ինչպես նաեւ լսել 65 տարի առաջ պատերազմի օրերին Совинформбюро-ի հաղորդած նորությունները ռազմադաշտից:

«Հաղթանակի օրը նշանակալից իրադարձություն է նախկին ԽՍՀՄ երկրների ժողովրդների համար: Այս քայլով մենք օգնում ենք մարդկանց հիշողություններում արթնացնել այն սխրանքները, որոնք մեր պապերն իրագործել են հանուն ապագա սերնդի», — նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Տեղեկացնենք, որ մեղեդին կամ տարբերանշանը բեռնելուց ընկերության տրաֆիկի եկամուտը, ներառյալ «Իմ մեղեդին» ծառայությունից օգտվելու օրավարձը, «ԱրմենՏել» ընկերությունը ամբողջությամբ կփոխանցի Հայրենական պատերազմի վետերաներին: Բեռնման համար տրաֆիկի տարիֆիկացումն իրականացվում է համաձայն բաժանորդի սակագնային փաթեթի:

Նշենք, որ Ռուսաստանի եւ Հայաստանի Beeline բաժանորդների հետ համատեղ ակցիային մասնակցում են նաեւ «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկության բաժանորդները` Ղազախստանում, Տաջիկստանում եւ Ուկրաինայում: