Լոռիի մարզի Սարչապետ գյուղում դեկտեմբերի 25-ին ինքնասպան եղած Ալիկ Պ-ն ընտանիքի միակ տղան էր: Այս մասին NEWS.am-ին պատմեցին Սարչապետի գյուղացիները: Նրանց խոսքով՝ Ալիկն ապրում էր ծնողների հետ, իսկ 4 քույրերն ամուսնացած են: Հայրը արտագնա աշխատանքով է զբաղվել, իսկ մայրը տնային տնտեսուհի է:

«Շատ լավ ընտանիք են: Ալիկն էլ աշխատասեր տղա էր, գյուղում հունձ էր անում: Սիրահարված էլ չէր, որ նման բան լիներ գյուղ տեղ է, կիմանայինք: Իրենք ֆինասական խնդիրներ չունեն ու չենք հասկանում, թե ինչը կարող էր ինքնասպանության պատճառ դառնալ: Մենք էլ ենք շոկի մեջ»,-պատմեցին գյուղացիները եւ ավելացրեցին, որ մարմնի վրա թարախային բշտիկներ էին առաջանում եւ դժվար, թե դա ինքնասպանության պատճառ դառնար:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լոռիի մարզի Սարչապետ գյուղում դեկտեմբերի 25-ին ինքնասպանություն է տեղի ունեցել: Գյուղի բնակիչին` Ալիկ անունով 25-ամյա երիտասարդին հայտնաբերել են տանը կից շինությունում` կտուրից սավանով կախված վիճակում: Նախնական տեղեկություններով տեղի ունեցածը ինքնասպանություն է եւ վարկած չկա, թե նրան ինչը կարող էր դրդել նման քայլի դիմել: Ոստիկանությունից NEWS.am-ի հայտնել էին, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Նախաքննություն է կատարվում: