Աշխարհաքաղաքական տեսանկյունից Հարավային Կովկասում ու Մերձավոր Արեւելքում 2013-ի ընթացքում 2 հիմնական դրական միտումներ են նկատվել: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Ըստ նրա` առաջին միտումը կապված է Սիրիայի հետ, որտեղ վերջերս կարծես թե նկատվում է արտաքին լայնամասշտաբ հարձակման վտանգի նվազում: «Կարելի է ֆիքսել նաեւ, որ նվազել է նաեւ ընդդիմադիր ահաբեկչական խմբավորումներին դրսից տրամադրվող օգնությունը»,-ընդգծել է Սաֆրաստյանը:

Նա կարծում է, որ երկրորդ դրական միտումը կապված է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իրավիճակի հետ: «Այդ հարցում եւս դրական միտումներ կան: Իրանի դեմ ռազմական գործողությունների սպառնալիքը նվազել է, սակայն այդ խնդիրը դեռեւս նախնական փուլում է եւ ամեն ինչ կարող է փոխվել»,-կարծիք է հայտնել Սաֆրաստյանը` նշելով այն փաստը, որ թուլացել են նաեւ Մերձավոր Արեւելքում իրավիճակը կառավարելու ԱՄՆ ձգտումները, քանի որ վեջինս համոզել է, որ դա այնքան էլ հեշտ չէ:

Թուրքագետն ընդգծել է նաեւ, որ Թուրքիայի քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում մեծ հարվածներ է կրել, առաջին հերթին` Սիրիայում: «Այնպիսի կարեւոր երկրի հետ, ինչպիսին է Եգիպտոսը, հարաբերությունների վատացումը եւս տապալում էր: Այսինքն` Թուրքիայի` որպես տարածաշրջանային առաջատարի հավակնությունները տապալվեցին»,-նկատել է Սաֆրաստյանը: