Նոր տարում «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցից կարող են անհետանալ հազարավոր երգեր: Երաժշտական ինը խոշոր ընկերություններ հայցեր են պատրաստել «ՎԿոնտակտեի» դեմ եւ նախատեսում են դրանք ներկայացնել ամանորյա տոներից հետո, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Sony Music, Universal Music, EMI, Warner Music, Navigator Records ընկերությունները մտադիր են հայց ներկայացնել Սանկտ Պետերբուրգի միջնորդ դատարան: Նրանք հուսով են այդպիսով ազատ հասանելի ծառայությունից ջնջել6 հազարից ավելի երգեր, այդ թվում Modern Talking-ի, Boney M-ի, AC/DC-ի, Beyonce-ի, 50 Cent-ի, ABBA-ի, Eminem-ի, Մադոննայի, Linkin Park-ի, Metallica-ի, ինչպես նաեւ Զեմֆիրայի, «Սպլին», ԴԴՏ, «Զվերի» խմբի երգերը:
Ընկերությունները փորձել են բանակցել սոցցանցի հետ, այդ գործընթացին միացել է նույնիսկ «Ռոսկոմնադզոր»-ը: Սակայն «ՎԿոնտակտեն» պատրաստ չէ վճարել կամ էլ օգտվողներից վճար վերցնել երաժշտության համար: Որպես այլընտրանք` սոցցանցի ղեկավարությունն ընկերություններին առաջարկում է վճարովի ծառայություններ ստեղծել, օրինակ` երգեր բեռնելու: Երաժշտական ընկերություններին նման տարբերակը ձեռնտու չէ: Նրանք կարծում են, որ լսելը եւ բեռնելը տարբեր ծառայություններ են, եւ յուրաքանչյուրի համար անհրաժեշտ է վճարել:





























