Նոյեմբերին Հայաստանում տեղի կունենա հայ-ռուսական առաջին երիտասարդական ինովացիոն համաժողովը։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում տեղեկացրեց Ռուսաստանի արտասահմանում ապրող հայրենակիցների եւ միջազգային մարդասիրական համագործակցության ու ԱՊՀ հարցերով «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը՝ ավելացնելով, որ այժմ համաժողովի անցկացման գաղափարը մշակվում է ԱՊՀ երկրների միջկառավարական մարդասիրական համագործակցության հիմնադրամի, «Դրուժբա նարոդով» ռուսական համալսարանի, Մոսկվայի պետական համալսարանի եւ այլ կազմակերպությունների հետ։
Կրիվոպուսկովի խոսքով՝ ինովացոն գործունեության վրա նախ եւ առաջ անհրաժեշտ է երիտասարդների ուշադրությունը հրավիրել, քանի որ մոտ ապագայում հենց նրանք են լինելու ինովացիոն քաղաքականության ուղղորդողները։
«Համաժողովը նպատակ ունի աջակցել երիտասարդությանը, որպեսզի նրանց նախաձեռնությունները ուղղված լինեն ինովացիոն համագործակցության եւ համատեղ առաջատար տեխնոլոգիաների մշակմանը»,- ասաց Կրիվոպուսկովը։
Տեղեկացնենք, որ ինովացիոն համաժողովին մասնակցելու են նորարար երիտասարդներ ոչ միայն Հայաստանից եւ Ռուսաստանից, այլ ԱՊՀ տարբեր երկրներից։




























