2013 թվականը լի էր քաղաքական ու հասարակական իրադարձություններով որոնցից անմասն չմնած նաեւ ոստիկանությունը: Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներից, ուղեվարձի թանկացման, Կոմիտաս 5 հասցեում անօրինական շինարարության դեմ պայքարից ընդհուպ Շանթ Հարությունյան ու Մաքսային միություն: Անցնող տարվա վերաբերյալ NEWS.am-ը փորձեց ամփոփիչ մեկնաբանություն ստանալ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանից: Վերջինս չցանկացավ խոսել տարվա կորուստներից ու ձախողումներից, փոխարենը միայն թվարկեց իրենց ձեռքբերումները:

«Փորձեմ անդրադառնալ գլխավոր ձեռքբերումներին: Շատ եմ կարեւորում, որ անցած տարում վերջապես կարողացանք բուժել հանցագործությունները գրանցումից թաքցնելու հին ու խրոնիկական դարձող հիվանդությունը: Այստեղ խնդիրը միայն այն չէր, որ հանցագործությունը թաքցնելն ինքնին օրինախախտում է եւ ազդում է համակարգի բարոյահոգեբանական մթնոլորտի վրա: Մենք չէինք կարողանում տեսնել հանցավորության իրական պատկերը, իսկ այդ դեպքում հնարավոր չէ ո´չ կանխարգելում իրականացնել, ո´չ էլ լիարժեք հակազդում կազմակերպել: Այդ հիվանդությունն այլեւս անցյալում է, եւ համոզված եմ` ռեցիդիվ չի ունենա»,-ասել է ոստիկանապետը:

Վլադիմիր Գասպարյանը նույնպիսի ձեռքբերում է համարում նաեւ «ծեծի միջոցով ցուցմունքներ կորզելու, այդ ճանապարհով հանցագործություն բացահայտելու արատավոր երեւույթի վերացումը»: «Այստեղ արդեն զուգահեռ կարող է խոսք գնալ ոստիկանների մասնագիտական մակարդակի բարձրացման մասին: Ի վերջո, հանցագործության բացահայտումը յուրատեսակ մենամարտ է ոստիկանի ու հանցագործի միջեւ, եւ անթույլատրելի մեթոդներ կիրառողները կամա թե ակամա ընդունում էին հանցագործի գերազանցությունը: Դա ոչ միայն անթույլատրելի է, այլեւ նման բան չի կարող լինել. հանցագործը ոստիկանին գերազանցել չի´ կարող ո´չ ինտելեկտուալ, ո´չ հոգեբանական, ո´չ էլ բարոյական առումներով: Սա աքսիոմա է. մենք անցյալ տարի պարզապես հաստատագրեցինք այդ աքսիոման ու գնում ենք առաջ»,-ընդգծել է նա ու հավելել. «Իհարկե, եղան մարդիկ, որ չհասկացան կամ չուզեցին հասկանալ այս բարեփոխումների կարեւորությունն ու խորությունը: Չհասկացան ու հեռացան: Կամ էլ հեռացվեցին: Ու դեռ կհեռացվեն… Ամեն դեպքում` համակարգն արմատապես է ինքնամաքրվում օտար մտածողությունից ու վարքից»:

ՀՀ ոստիկանապետը կարեւոր ձեռքբերում է համարում, որ անցյալ տարի տեղի ունեցած հանրապետական նշանակության եւ տեղական մարմինների ընտրությունների ընթացքում, ինչպես եւ նախընտրական ու հետընտրական շրջաններում, «անցանկալի դեպքեր ու դրսեւորումներ չեն ունեցել»: «Նշանակում է` ոստիկանությունը սովորել է աշխատել ոչ միայն հանցավորությանը հակազդելու, այլեւ հանրությանը ծառայություններ մատուցելու, հասարակական կարգը ժամանակակից մեթոդներով պահպանելու ոլորտում:

Ու թերեւս ամենամեծ ձեռքբերումներից մեկը, որ նշվածների ու բազմաթիվ չնշվածների միագումարն է` հասարակությունն ունենում է նոր ոստիկանություն, որին վստահում է, որի հետ ցանկանում է համագործակցել, որից պահանջում է առավել կատարելագործում: Իսկ պահանջում են նրանից, ում հավատում են, եւ սա ամենաուրախալին ու կարեւորն է: Իհարկե, վատը դեռ կա,   դիմադրո՜ւմ են անուղղելիները, դիմադրո՜ւմ են… Ինչքան լուծում ենք խնդիրները, այնքան վատը ջրի երես է ելնում… Դրա հարցն էլ կլուծենք… Կօգնեք՝ ավելի արագ ու որակով, չեք օգնի՝ մեր ուժերով…  Բայց՝ անպայմա՛ն:

Ի դեպ, ձեռքբերում եմ համարում նաեւ տարվա ընթացքում մեր արած հետեւությունները, մասնավորապես, որ ոչ մի բարի գործ անպատիժ չի մնում»,-ասել է նա:

«Այնպես որ, մի մաղթանք ունեմ մեր որոշ լրատվամիջոցների ու չափազանց քաղաքացիական քաղաքացիների` եթե անհիմն ու անառարկա չհայհոյեք ոստիկանությանը եւ մեր ուշադրությունը չշեղեք ձեր անհասկանալի ցուցարարությամբ, բարեփոխումներն ավելի արագ կընթանան, ու ոստիկանությունն ավելի շատ ձեռքբերումներներ կունենա, ինչը, մեծ հաշվով, բոլորիս, մեր ողջ հասարակության ձեռքբերումն է:

Ուրեմն ձեռքբերումներով մտնենք նոր տարի, եւ թող Աստված ձեզ պահապան լինի»,-ամփոփել է Վլադիմիր Գասպարյանը: