Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը նախազգուշացրել է իր քաղաքական ընդդիմախոսներին, որ նրանց փորձերը` գժտեցնել իրեն երկրի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի հետ, ոչ մի բանի չեն հանգեցնի:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններից հետո ընդդիմության փողոցային բողոքի գործողություններին եւ ռեֆորմատորների հայտարարություններին զուգահեռ Ահմադինեջադը բախվել է նաեւ իր կողմնակիցների քննադատությանը ու զրկվել կառավարության երկու անդամներից, այն բանի համար, որ երկրի փոխնախագահի ընտրության հարցում չի ենթարկվել Խամենեիին:
Այնուամենայնիվ Ահմադինեջադը ժխտում է, որ իր ու Ալի Խամենեի միջեւ տարաձայնություններ կան: «Դրանք քաղաքական հարաբերություններ չեն, մեր հարաբերությունները հիմնված են բարության վրա: Դրանք նման են հոր եւ որդու հարաբերությունների»,- ասել է Իրանի նախագահը, հանդես գալով շիաների սուրբ քաղաք համարվող Մաշհադում:
Այնուհետեւ, դիմելով ընդդիմադիրներին, նա հայտարարել է. «Ձեր ջանքերը պտուղ չեն տալու: Այդ ճանապարհը փակ է դեւերի համար, ովքեր երազում են փչացնել մեր հարաբերությունները: Նրանց երազանքները թաղվելու են իրենց հետ միասին»:



























