«Հանուն ազատ անկախ Հայաստանի» Ազատության հրապարակում հավաքվածները հենց նոր երթով շարժվեցին դեպի Ազգային անվտանգության ծառայության շենք՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի եւ մյուս քաղբանտարկյալների:
Հավաքի մասնակիցների թիվը գնալով աճում է. այս պահին ակցիայի մասնակիցների թիվը անցնում է 100-ից: Նրանց թվում են նաեւ «Նախախորհրդարանի» անդամներ, նաեւ ակտիվիստ Վարդգես Գասպարին:
Երթից առաջ Շանթ Հարությունյանի 14-ամյա որդին՝ Շահեն Հարությունյանը, ողջունեց հավաքվածներին, շնորհավորեց նրանց Ամանորը:
Այս պահին բողոքի երթի մասնակիցները «Հայաստանն առանց քաղբանտարկյալների», «Ազատ անկախ Հայաստան» վանկարկումներով, «Ազատություն Շանթ Հարությունյանին» գրությամբ պաստառներով քայլում են Սայաթ-Նովա փողոցով:
Մասնակիցները դեռ չեն հասել ԱԱԾ, սակայն ոստիկաններն արդեն փակել Նալբանդյան փողոցը, որպեսզի ակտիվիստները չկարողանան մոտենալ շենքին:
Նշենք, որ հունվարի 1-ին Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է, եւ մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ երթ են կազմակերպել՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am











