Հայաստանում հնարավոր կլինի ներանոթային նյարդավիրաբուժական գործողություն իրականացնել փակ եղանակով` միկրոսարքերի օգնությամբ։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Երեւանի պետական բժշկական համալսարանի նեյրոանոթային վիրաբուժության կենտրոնի ընդհանուր եւ ներանոթային նյարդաբուժության կլինիկայի ղեկավար Ռուբեն Ֆանարջյանը՝ ավելացնելով, որ Հայաստանում նյարդավիրաբուժության բնագավառում նման սարքերը եւ ներանոթային նյարդավիրաբուժությունը նորություն են։
Անգիոգրաֆ սարքը հնարավորություն է տալիս ստանալ բոլոր օրգանների անոթային համակարգի պատկերները եւ հետազոտել անոթների վիճակը՝ միկրոկատետորների օգնությամբ, որոնք ներմուծելով անոթային համակարգ, տարանջատում են վտանգի աղբյուրը ընդհանուր արյան հոսքից եւ հնարավորություն տալիս վերացնել այն։
Այն հարցին, թե ինչ արժե բժշկական նոր ծառայությունը Հայաստանում, Ֆանարջյանը պատասխանեց, որ հետազոտությունը եւ բուժում բավականին մեծ գումար է կազմում։ Ըստ նրա՝ խոսքը գնում է մոտ մի քանի հազար դոլարին համարժեք դրամի մասին։
Փաստորեն, նոր ծառայությունը կրկին սոցիալապես անապահով խավի համար ոչ հասու ծառայություն կլինի։
Հարցին, թե ինչու է ծառայության գումարը այդքան շատ, Ֆանարջյանը նկատեց, թե Եվրոպայում եւ Ռուսաստանում նույն ծառայությունը ավելի թանկ է, եւ բնականաբար Հայաստանում այն եւս բարձր գին պետք է ունենա։




























