ԱՄՆ-ը եւ Իսրայելը դիտարկում են Իրանի վրա ռմբային հարվածը՝ որպես ծայրահեղ միջոց, սակայն այդ տարբերակը, այդուհանդերձ, կա այդ երկրների ծրագրերում: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովը:
Նրա խոսքով, «Ոչ-ոք իրավունք չունի նման զարգացում թույլ տալ», քանի որ ռմբահարումները աղետալի հետեւանքներ կունենան տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության համար:
«Մեզ պետք է լսի նաեւ իրանական կողմը, որ ողջ աշխարհը մտահոգված է խնդրով, որը նա համառորեն եւ առանց հաջողությունների իրացնում է» — հավելել է Մակարովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Գեներալը նշել է, որ Իրանի ձեռքին ատոմային ռումբի հայտնվելը կարող է խթան հանդիսանալ այլ պետությունների համար եւ հանգեցնել ատոմային զենք ունեցող պետությունների շրջանակի ընդլայնմանը: Նա նշել է նաեւ, որ ռուսական գերատեսչությունը դեմ է իրադարձությունների նման զարգացմանը:




























