Հայաստանյան գիտնականների նորարարական ծրագրերի, գիտական հետազոտությունների արդյունքների առեւտրայնացման համար հաջորդ տարի հնարավոր է գումարներ հատկացվեն։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում տեղեկացրեց ՀՀ գիտության պետական կոմիտեի ինովացիոն եւ ներդրումային քաղաքականության բաժնի պետ Ռուզան Ասատրյանը` ավելացնելով, որ ներկայումս քննարկվում է բյուջեից նորարարական ծրագրերին ֆինանսավորելու հնարավորությունները։
Ըստ Ասատրյանի՝ բյուջեից նման ծրագրերին գումարի հատկացումը կարեւոր ձեռքբերում կարող է լինել Հայաստանում նորարարությունը խթանելու համար։ Նրա ներկայացրած տվյալներով՝ սկզբնական շրջանում նախատեսվում է ֆինանսավորել մինչեւ 6 ծրագիր, որոնք պետք է անկախ փորձաքննության անցնեն։ Ասատրյանի կարծիքով՝ Հայաստանում չկա նորարարական ծրագրերի գնահատման փորձ, որը թույլ կտա ճիշտ կողմնորոշվել շուկայի պահանջարկի եւ ծրագրերի հեռանկարայնության հարցում, այդ իսկ պատճառով կդիմեն արտասահմանյան մասնագետների օգնությանը։




























