Հայաստանի խոշոր գիտական կազմակերպություններում եւ որոշ ԲՈՒՀ-երում գիտա-ինովացիոն կարող են ստորաբաժանումներ ստեղծվել։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց ՀՀ գիտության պետական կոմիտեի ինովացիոն եւ ներդրումային քաղաքականության բաժնի պետ Ռուզան Ասատրյանը` ավելացնելով, որ այժմ այդ հարցը քննարկման փուլում է։

«Կենտրոնների միջոցով՝ փորձելու ենք բիզնեսի տեսանկյունից հետաքրքիր նորարարական մշակումները նախնական բիզնես պլանի վերածել հենց գիտական կազմակերպությունների ներսում»,- ասաց Ասատրյանը՝ ավելացնելով, որ դեռեւս Հայաստանում առանց գիտնականի գրեթե անհնար է առեւտրայնացնել որեւէ գաղափար, քանի որ առայժմ Հայաստանում գոյություն չունի տեխնոլոգիաների փոխանցման կայացած համակարգ։

Ասատրյանի խոսքով ՝ գիտնականները չեն վստահում որեւէ մի ընկերության, որպեսզի իրենց գյուտերն ու ծրագրերը տրամադրեն նրանց՝ կոմերցիալիզացիայի համար։ «Թեեւ Հայաստանում մտավոր սեփականության պահպանության մասին օրենք գոյություն ունի, սակայն մտավոր սեփականության պահպանության մշակույթ դեռեւս չի ձեւավորվել»,-նկատեց Ասատրյանը։

Ըստ ՀՀ գիտության պետական կոմիտեի բաժնի պետի՝ նոր գիտա-ինովացիոն ստորաբաժանումների ստեղծման համար հավելյալ ֆինանսական միջոցներ չեն պահանջվի, այդ ամենը կիրականացվի պետության՝ գիտությանը հատկացվող միջոցների հաշվին։