Համացանցում Windows-ի նոր օպերացիոն համակարգի մասին տվյալներ են հայտնվել, որը պատրաստվում է թողարկել Microsoft ընկերությունը: Այդ մասին իր բլոգում հաղորդել է հայտնի Windows-վերլուծաբան Փոլ Թուրոթը: Նրա տվյալների համաձայն՝ այժմ Microsoft մասնագետները ավարտին են հասցնում Update 1 թարմացման աշխատանքները Windows 8.1-ի եւ Windows Phone 8.1-ի համար, հաղորդում է ՆՏՎ-ն:

Երկու համակարգերն էլ կներկայացվեն ապրիլի սկզբին Build կոնֆերանսի ընթացքում: Այդտեղ էլ կներկայացնեն նաեւ Windows 9-ը: Դրա ստեղծման աշխատանքները կսկսվեն քիչ ավելի ուշ, առայժմ մշակողները պատմելու են ծրագրվող նորարարությունների մասին:

Սպասվում է, որ նոր ՕՀ-ում կվերադարձնեն «Մեկնարկ» կոճակը եւ կթարմացվի Metro 2.0 ինտերֆեյսը: Օպերացիոն համակարգը կթողարկեն 2015թ.-ի ապրիլինի:  Մշակումը բաղկացած կլինի երեք մասից,  որից հետո օգտատերերը հնարավորություն կունենան փորձարկել համակարգի նախնական տարբերակը: