ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ ՉԺՀ նախագահ Հու Ցզինթաոն պայմանավորվել են ուժգնացնել ճնշումը Իրանի վրա՝ հարկադրելու դադարեցնել իր ատոմային ծրագիրը:

Ինչպես ապրիլի 12-ին կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Ասիայի հարցերով տնօրեն Ջեֆֆ Բեյդերը, Չինաստանը կիսում է ԱՄՆ անհանգստությունը իրանական ատոմային ծարգրի կապակցությամբ եւ աջակցում է միջուկային զենքի չտարածման ռեժիմին:

Հանդիպման ընթացքում, նրա խոսքով, նախագահներն ընդգծել են միացյալ դիրքորոշումը, ըստ որի՝ Իրանը պետք է կատարի միջազգային պարտավորությունները, հաղորդում է AP-ն:

Օբաման եւ Հու Ցզինթաոն պայմանավորվել են հրահանգել «վեցնյակի» կազմում աշխատող պատվիրակություններին՝ հասնելու պատժամիջոցների բանաձեւի ընդունմանը:

«Բանաձեւը Իրանին, որը հակառակ է գնում միջազգային պարտավորոթյուններին, հստակ կհասկացնի ատոմային ծրագրի շարունակման գինը»,- ասել է Խորհրդի ներկայացուցիչը: