Իրանը չի աշխատում ատոմային ռումբի ստեղծման վրա, քանի որ նման ռումբի ստեղծումն ապօրինի է եւ հակասում է իսլամին: Այդ մասին «Վրեմյա նովոստեյ» թերթին տված հարցազրույցում հայտնել է Իրանի ատոմային ծրագրի ղեկավար Ալիք Աքբար Սալեհին:
«Լսեք, եթե մենք իսկապես ցանկանայինք ռումբ ստեղծել, մի՞թե այդպես կթաքցնեինք մեր մտադրությունները: Մենք ստեղծել են աշխարհի ամենաանկախ պետություններից մեկը: Մենք չենք նայում ոչ ԱՄՆ-ին, ոչ Ռուսաստանին, ոչ էլ Չինաստանին կամ Եվրոպային: Մենք հանգիստ դուրս կգայինք ատոմային զենքի չտարածման պայմանագրից եւ բաց կհայտարարեինք, որ այժմ ատոմային ռումբ ենք ստեղծում»,- ասել է Սալեհին:
Ըստ նրա, եթե անգամ Թեհրանն ի վիճակի լիներ ատոմային ռումբ ստեղծել, դա չէր լինի այնպիսի հզոր ռումբ, ինչպիսիք մեծ քանակությամբ կան Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում: «Դուք ի՞նչ է՝ լուրջ մտածում եք, որ մենք կարող ենք ոտք մեկնել ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի հետ: Մենք հարյուր տարում էլ չենք կարող անել դա»,- նկատել է նա:
«Ատոմային ռումբը հարամ է: Դա վերաբերում է այն պահելուն եւ օգտագործելուն: Եթե մեր հոգեւոր առաջնորդն այդպես է ասում, մի՞թե դուք մտածում եք, որ մենք կխախտենք նրա ասածները»,- նկատել է Իրանի ատոմային ծրագրի ղեկավարը:




























