Ապրիլի 15-17-ը տեղի կունենա «Հայաստանում ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնի» հիմնադիր համաժողովը: Համաժողովի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Ռուսաստանի ԱՊՀ, արտասահմանում բնակվող հայրենակիցների եւ միջազգային հումանիտար համագործակցության հարցերով Դաշնային գործակալության («Ռոսսոտրուդնիչեստվո») միջեւ կստորագրվի «Հայաստանում ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոն» (ԻՀՌՀԿ) բացելու մասին հուշագիր:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Էկոնոմիկայի նախարարությունից, ԻՀՌՀԿ գործունեության հիմնական նպատակը երկու երկրների տնտեսական համագործակցության ինտեգրացիոն գործընթացներին օժանդակումն է` ինովացիոն բաղադրիչի ամրապնդման եւ ընդլայման միջոցով:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը եւ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն համաձայնել են համագործակցություն իրականացնել հետեւյալ ուղղություններով`
• Համագործակցություն միջպետական ինովացիոն համակարգի ձեւավորման ոլորտում, ինչպես նաեւ ԱՊՀ միջպետական ինովացիոն տարածքի ձեւավորման գործում:
• Տեղեկատվական եւ կազմակերպական փոխադարձ աջակցություն` ինովացիոն համագործակցության տարբեր ուղղություններով՝ խորհրդատվական ծառայությունների կազմակերպման գործում, ինովացիոն համագործակցության տարբեր ուղղություններով ուսումնական դասընթացների, սեմինարների, գիտաժողովների, շնորհանդեսների կազմակերպման գործում, ինովացիոն նախագծերի հավաքագրմանն ու ընտրությանն ուղղված միջոցառումների կազմակերպման եւ մեխանիզմների մշակման գործում, գործընկերներ գտնելու եւ համատեղ ձեռնարկություններ հիմնադրելու գործում` ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում:
Համաժողովի ընթացքում կկայանա տիեզերային կապի «Ямал – 12К» սարքավորման շնորհանդեսը, որը հնարավորություն կտա ինովացիոն ծրագրերի հեռաուսուցում իրականացնել։ Այն առաջին անգամ կկիրառվի ԱՊՀ տարածքում։
Միջոցառմանը կմասնակցեն` Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ ԱՊՀ երկրներում, ՌԴ ԱՊՀ, արտասահմանում բնակվող հայրենակիցների եւ միջազգային հումանիտար համագործակցության հարցերով Դաշնային գործակալության («Ռոսսոտրուդնիչեստվո»)-ի ղեկավար Ֆարիդ Մուխամետշինը, ՀՀ -ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վ. Կովալենկոն, ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդական, ՌԴ ԱՊՀ, արտասահմանում բնակվող հայրենակիցների եւ միջազգային հումանիտար համագործակցության հարցերով Դաշնային գործակալության («Ռոսսոտրուդնիչեստվո») ՀՀ ներկայացուցչության ղեկավար Վ. Կրիվոպուսկովը եւ օտարերկրյա այլ բարձրաստիճան հյուրեր:




























