Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ապրիլի 14-ին կայացած նիստում Հայաստանի ինտերնետ օպերատորների միջեւ տրաֆիկի փոխանակումը կարգավորող որոշում ընդունվեց։
Որոշման համաձայն, Հայաստանի ինտերնետ օպերատորները ինտերնետ ցանցերի աշխատանքը պետք է կազմակերպեն P2P (peer-to-peer) ցանցի սկզբունքով։
Նշենք, որ P2P (պիրինգային) ցանցում յուրաքանչյուր համակարգիչ հանդիսանում է օգտագործող, եւ միաժամանակ, սերվեր, այսինքն՝ պիրինգային ցանցում կենտրոնական սերվեր հասկացությունը չկա։
Ըստ հանձնաժողովի որոշման՝ ինտերնետ օպերատորները պարտավոր են միմյանց ցանցերի միջեւ վայրկյանում առնվազն 10 ՄԲիթ արագությամբ տվյալների փոխանակման թողունակություն ապահովել, բայց միեւնույն ժամանակ, կապուղու ծանրաբեռնվածությունը չի կարող գերազանցել պիրինգային միացումն ապահովող կապուղու տրաֆիկի միջին ամսական ծանրաբեռնվածության 60 տոկոսը։
Նշենք, որ պիրինգային ցանցը տրաֆիկի ավելի շատ օգտագործման հնարավորություն է տալիս, ինչը տվյալների հզոր բազա ստեղծելու նախադրյալ կարող է դառնալ Հայաստանում։
NEWS.am-Ինովացիայի փորձագետ Արմեն Սարգսյանի կարծիքով, որոշումը դրական կազդի Հայաստանի պրովայդերների տրամադրած ինտերնետ ծառայության որակի բարձրացման վրա։ «Նախկինում պրովայդերները իրենց ցանցերի միջեւ բարձր արագություն եւ մեծ ծավալով ինֆորմացիայի փոխանակման պարտավորություններ չունեին, ինչի պատճառով տուժում էր ինտերնետի վերջնական օգտագործողը»,- նշեց Սարգսյանը, որպես օրինակ հիշելով, նախորդ տարվա վերջում «ԱրմենՏել» եւ Armenian Datacom Company ընկերությունների միջեւ սկիզբ առած վեճը։
Հիշեցնենք, որ այն ժամանակ «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ADC-ին մեղադրեց ցանցի կապուղու թողունակության արհեստականորեն նվազեցման մեջ։ «ԱրմենՏելի» ինտերնետ ցանցից օգտվող բաժանորդները նախորդ տարեվերջին մոտ 10 օր չէին կարողանում օգտվել այն կայքերից եւ ինտերնետային ռեսուրսներից, որոնց հայելային տարբերակները Հայաստանում սպասարկում է ADC-ն։ ADC ընկերությունը միեւնույն ժամանակ հայտարարություն տարածեց այն մասին, որ խնդիրներն առաջացել են ցանցի ընլայնման աշխատանքի պատճառով։
Հանձնաժողովի նիստից հետո «ԱրմենՏել» ընկերության գլխավոր իրավաբան Դավիթ Սանդուխչյանը նշեց, որ էլեկտրոնային հաղորդակցության դաշտում իրավաբանական որոշակի կարգավորումներ է սահմանվում, ինչը հնարավոր է նաեւ անդրադառնա ծառայությունների որակի բարձրացման վրա, ինչպես նաեւ հիմք ստեղծի ինտերնետի սակագնի նվազեցման համար։
Տեղեկացնենք, որ որոշումը ուժի մեջ է մտնելու 10 օրից։




























