Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Բաբակեխյանին ազատել եւ ուղարկել է կադրերի ռեզերվ:
Նշենք, որ երեկ տեղի է ունեցել ոստիկանության կոլեգիայի նիստ, որի ընթացքում Վլադիմիր Գասպարյանը խիստ քննադատության էր ենթարկել մի քանի ոստիկանապետերի:
Նշենք, որ այսօր առավոտյան Կարեն Բաբակեխյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դեռ գտնվում է հերթական արձակուրդի մեջ, բայց խոստանում է անպայման վերադառնալ: «Իմ հերթական արձակուրդն է, ոչ մի արտառոց բան չկա, ամսի 5-ից արդեն աշխատանք կլինեմ»,- ասաց Շիրակի ոստիկանապետը: Նա բացառեց իր պաշտոնանկության մասին լուրերը՝ նշելով, թե «նման թեմա չկա»: Ինչ վերաբերում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ կոլեգիայի նիստի ժամանակ հայտնած դժգոհություններին, ապա Բաբակեխյանը համաձայն է Վլադիմիր Գասպարյանի հետ: «Մեր նախարարն է, պետք է բարկանա, բա ի՞նչ պետք է անի: Իհարկե համաձայն եմ, այո, համարում եմ՝ թերացել եմ»,- ասաց Շիրակի ոստիկանապետը՝ հավելելով, որ միանշանակ վերադառնալու է իր աշխատանքին:




























