Հունվարի 23-ին YouTube-ում հայտնվեց տեսանյութ(նախազգուշացում. տեսանյութը պարունակում է բռնության տեսարաններ), որտեղ բոլորովին մերկ մի տղամարդ շրջապատված է ուկրաինացի իրավապահներով:

Տեսանյութում համազգեստով անձինք ստորացնում են տղամարդուն, լուսանկարվում նրա հետ: Տղամարդու մարմնի վրա երեւում են բազմաթիվ վերքեր ու կապտուկներ: Երբ նա ավտոբուս է բարձրանում, ներկաներից մեկի կողմից աճուկի հատվածում հարված է ստանում:

Թե երբ, որտեղ եւ ում կողմից է վիդեոն նկարահանվել, հստակ հայտնի չէ: Դատելով կադրում հնչող զրույցներից՝ տղամարդը, հավանաբար, Եվրամայդանի ակտիվիստ է, ում իրավապահները ձերբակալել են: Այն մասին, որ ուժայիններն ուկրաինացիներ են, վկայում է համազգեստների վրայի «міліція» գրառումը: Կադրում երեւում են նաեւ համազգեստով այլ անձինք, որոնք երթեւեկելի հատվածի երկայնքով կանգնած են՝ ենթադրաբար Մարիինյան զբոսայգու շրջակայքում:

5-րդ հեռուստաալիքի հաղորդավարը, մեկնաբանելով ցանցում առկա տեսանյութը, ուղիղ եթերում հայտարարել է, որ տեսանյութում Բերկուտի աշխատակիցներ են:

Տեսանյութի մասին արդեն հայտնի է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարությանը: Ուժային կառույցի մամուլի քարտուղարը 5-րդ հեռուստաալիքին ուղղված հայտարարության մեջ հայտարարել է, որ տեսանյութում գրանցված իրավիճակն անընդունելի է իրավապահների շարքերում, եւ որ ոստիկանությունը տվյալ փաստի առթիվ սեփական հետաքննությունն է անցկացնում՝ պարզելով բոլոր մանրամասները, հաղորդում է «Կորեսպոնդենտը»: