Ողջ աշխարհում հայտնի eBay ինտերնետ-աճուրդում վաճառվել է հազվագյուտ քարտրիջ Nintendo Entertainment System (NES) խաղային համակարգի համար: Աճուրդի ավարտին լոտի արժեքը, որի համար 328 դրույք էր կատարվել, կազմելէ  99 հազար 902 դոլար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Nintendo World Championships  քարտրիջը թողարկվել էր 1990թ.-ին ընդամենը 116 օրինակով: Չնայած այն հանգամանքին, որ դրանում ընդամենը երեք խաղի տարբերակ կա՝ Super Mario Bros., Rad Racer եւ Tetris, քիչ քանակությունը քարտրիջը բացառիկ է դարձրել: Բացի այդ, այն երբեք պաշտոնական վաճառքում չի եղել:

Աճուրդն ավարտվել է շաբաթ օրը ու վաճառողին մոտ 100 հազար դոլարի եկամուտ է բերել: Տվյալ լոտի որակը լավագույնը չէր, սակայն դա էապես չի ազդել հավաքածուների սեփականատերերի որոշման վրա ձեռք բերել այն: Գնորդի անունը չի նշվում: Սակայն, 2011թ.-ին նմանատիպ քարտրիջը՝ ավելի լավ որակով, վաճառվել էր 11 հազար դոլարի դիմաց: