Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ ապրիլի 15-ին ընդունել է ԱՊՀ երկներում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի Դաշնությունում ԱՊՀ պետությունների գործերով, արտերկրում բնակվող հայրենակիցների եւ միջազգային հումանիտար համագործակցության հարցերի Դաշնային գործակալության ղեկավար Ֆարիդ Մուխամետշինի գլխավորած պատվիրակությանը:

Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում Ֆարիդ Մուխամետշինը վարչապետին տեղեկացրել է, որ իրենք Հայաստանում են Ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնի բացմանը եւ «Հայաստանում ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնի» հիմնադիր համաժողովին մասնակցելու նպատակով: Նա նշել է, որ կենտրոնի գործունեության հիմնական նպատակը երկու երկրների ինտեգրացիոն գործընթացներին օժանդակելն է` ինովացիոն բաղադրիչի ամրապնդման եւ ընդլայնման միջոցով: Նորաբաց կենտրոնի աշխատանքները Հայաստանում իրականացվելու են երկու ուղղություններով` կրթական (աշակերտների եւ ուսանողների համար) եւ գիտական: