Իրանի հարցով «Վեցնյակի» երկրների՝ ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչները (ՌԴ, ԱՄՆ, ՉԺՀ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) հինգշաբթի Թեհրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման խորհրդակցությունների երրորդ փուլն են անցկացրել։

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, խորհրդակցությունները կշարունակվեն։

Այս հանդիպումը տեղի է ունեցել նախորդ՝ երկրորդ փուլից մեկ օր հետո, երբ չորեքշաբթի «վեցնյակը» քննարկել է բանաձեւի տեքստը։

Իդեպ, Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը եւ նրա չինացի գործընկերը «վեցնյակի» քննարկումները կառուցողական են համարել։

Այս ամենով հանդերձ՝ Ռուսաստանը եւ Չինաստանը դեռեւս չեն համաձայնում նոր պատժամիջոցներին, որոնք Թեհրանի դեմ, ուրանի հարստացումը չդադարեցնելու համար, առաջարկում են կիրառել ԱՄՆ եւ նրա եվրոպական համախոհները։

Չորեքշաբթի երեկոյան ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Բուենոս Այրեսում հայտարարել էր, որ կողմ է Իրանի խնդրի քաղաքական լուծմանը, սակայն չի բացառում այդ երկրի վրա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից գործադրվող պատժամիջոցների կիրառումը։