Քալիֆորնիական Գլենդել քաղաքում տեխնոլոգիական ընկերությունը «Apple» սմարթֆոնի համար ծրագիր է թողարկել, որի դիզայնը մշակվել է Միացյալ Նահանգներում, սակայն մշակման մեծ մասը եւ կոդավորումն իրականացվել է աշխատակիցների կողմից Հայաստանում: Այդ մասին գրում է «Glendale News-Press»-ը:

«IconApps» ընկերության մարքեթինգի հարցերով մենեջեր Նիշե Մոդոյանի խոսքով՝ կանանց համար նախատեսված «Inlight App» ծրագիրը բջջային կապ է ապահովում հոդվածների, ցուցակիների համար այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են սերը, կյանքը, ընտանիքն ու առողջությունը: Մենեջերը նշել է, որ «Apple» գրեթե միանգամից ծրագիրը ներկայացրել է որպես լավագույն նոր ծրագրերից մեկը կյանքի թեմաների վերաբերյալ:

Ընկերությունն ունի 14 աշխատակից, կեսն աշխատում են Հայաստանում: «Մեր ընկերության համար կարեւոր է սոցիալական փոխազդեցությունը: Այս պահին Հայաստանում գործազրկության մակարդակը շատ բարձր է, իսկ տեխնոլոգիական ոլորտը հիանալի հատված է, որը կարող է նվազեցնել այդ ցուցանիշը, ասել է Մոդոյանը:- Բարձր որակավորմամբ այս աշխատանքը կախված չէ աշխարհագրական դիրքից ու թույլ է տալիս լավ վաստակել՝ չլքելով երկիրը»:

«IconApps» ընկերության 49-ամյա հիմնադիր Ալ Էյսայանը ծնվել է Իրանում, ծագումով հայ է, ով նշում է, որ գործազրկություն կարող է լինել Հայաստանի համար ավանդական արդյունաբերական ոլորտներում, բայց ոչ տեխնոլոգիական: «Սա շուկայում ամենաբարձր վարձատրվող բնագավառն է, իսկ հայ մշակողները կարող են մրցել ցանկացածի հետ: Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունների ու չափանիշների ավանդույթ գոյություն ունի, նույնիսկ այն ժամանակներից, երբ ԽՍՀՄ կազմում էր»,- ասել է Էյսայանը՝ հավելելով, որ հենվում է գովազդի վրա, ծրագիրը տարածելու համար, որը հնարավոր է անվճար ներբեռնել «Apple» ընկերության «App Store»-ից: