ԱՄՆ-ի բնակիչ Ռոուն Ջոզեֆը NASA-ին դատի է տվել` պահանջելով մանրամասն ուսումնասիրել մարսագնացի կողմից հայտնաբերված տարօրինակ քարը, որն ինքը կենդանի արարած է համարում` մարսյան սունկ:  

Պարզվել է, որ չորս շաբաթ առաջ Opportunity մարսագնացի կողքին քար է հայտնվել, որը չկար առաքելության սկզբից 3536-րդ սոլին (մարսյան օր) , իսկ 3537-րդ սոլին այն արդեն տեսանելի վայրում էր:

Քիմիական վերլուծությունը ցույց է տվել, որ քարն ունի Մարսի համար բացառիկ բաղադրակազմ. շատ ծծումբ, մագնեզիում եւ մանգան:

Սակայն ըստ նյարդահոգեբան Ռոուն Ջոզեֆի` դա քար չէ, այլ կենդանի օրգանիզմ, սունկ, որն աճել է մարսագնացի կողքին: Նա պնդում է, որ առաջին լուսանկարներում, որտեղ իբր անսովոր ոչինչ չի եղել, ինքը նկատել էր այդ «քարը»` շատ փոքր տեսքով, այսինքն` այդ սունկն աճի նախնական փուլում էր:

Ըստ նրա` ինքը բազմիցս դիմել է ՆԱՍԱ-ի աշխատակիցներին` խնդրելով ուսումնասիրել «սունկը», սակայն ոչ մի արձագանք չէր ստացել: Այդ ժամանակ Ջոզեֆը Քալիֆորնիայի դատարան հայց էր ուղարկել ՆԱՍԱ-ի  եւ նրա ղեկավար Չարլզ Բոլդեի դեմ: Նա պահանջել էր այդ առարկան տարբեր անկյուններից 100 հատ լուսանկարել, ինչպես նաեւ 24 լուսանկար` մանրադիտակի միջոցով, որից հետո այդ նյութերը տրամադրել իրեն եւ հասանելի դարձնել հանրության համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով  Popular Science-ը: