2025 թ. ԱՄՆ նախատեսում է հեռավոր տիեզերք թռչելու ընդունակ տիեզերանավ ստեղծել, որը թույլ կտա Լուսնից էլ հեռու թռչել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ Ֆլորիդայում ներկայացնելով երկրի նոր տիեզերական ծրագիրը։

Օբաման ընդգծել է, որ NASA-ի առաջ բարդ խնդիրներ է դրել, սակայն դրանց կյանքի կոչման համար լուրջ միջոցներ են հատկացվել։ Մոտակա 5 տարիների ընթացքում, BBC-ի տվյալներով, NASA-ն հավելյալ 6 մլրդ դոլար կստանա։

«Մենք կսկսենք նրանից, որ տիեզերագնացներին կիջեցնենք աստղակերպերի վրա։ Վստահ եմ, որ 2030-ականներին մենք կկարողանանք տիեզերագնացներ ուղարկել Մարսի ուղեծիր, իսկ հետո նաեւ վայրէջք կատարել Մարսի վրա»,- նշել է Օբաման։

«Մենք նախատեսում ենք տիեզերք թռչել ավելի արագ եւ ավելի հաճախ։ Շատերը կարծում են, որ մենք պետք է վերադառնանք Լուսին, բայց մենք նախկինում եղել ենք այնտեղ։ Տիեզերքում ուսումնասիրության արժանի շատ այլ բաներ կան»,- ասել է ԱՄՆ նախագահը։