NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրեն 35-ամյա Արչիլ Վախթանգի Մաղրաձեի մահվան մասին: Մեր աղբյուրները հայտնեցին, որ Արչիլ Մաղրաձեն գնացել էր Ծաղկաձոր՝ սնոուբորդով սահելու, սակայն ընթացքում մոլորվել է, իջել ձորի մեջ՝ «Թթու ջուր» կոչվող տարածք: «Ոտքով ձյան մեջ քայլելով փորձել է բարձրանալ վերեւ, բայց չի կարողացել գնալ, ուժասպառ է եղել, ընկել եւ սառել»,- հայտնեց մեր աղբյուրը:

Նրա փոխանցմամբ՝  գիշերը Ծաղկաձորում -32 աստիճան է եղել, նրան հայտնաբերել են ձյան մեջ թաղված: Արչիլ Մաղրաձեն զբաղվել է սնոուբորդով սիրողական մակարդակով:

Ոստիկանական աղբյուրներից էլ հայտնի դարձավ, որ դեպքի առթիվ նյութեր է նախապատրաստվում, թերեւս քրեական գործ չի հարուցվի:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենը ամուսնացած է, ունի 4 երեխա, նա տարիներ ի վեր աշխատել է VimpelCom ընկերությունում՝ տարբեր երկրներում լինելով ընկերության մասնաճյուղի ղեկավար կամ զբաղեցնելով այլ բարձր պաշտոններ:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը փետրվարի 2-ին՝ ուշ երեկոյան, ահազանգ է ստացել, որ 35-ամյա Արչիլ Վախթանգի Մաղրաձեն անհետ կորել է, չի պատասխանում հեռախոսազանգերին եւ չեն իմանում նրա գտնվելու վայրը: Ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի երիտասարդ տնօրենի դին: Ոստիկանությունից հայտնել են, որ առայժմ հայտնի չէ՝ տեղի ունեցած սպանություն է, թե ոչ, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Մայրուղու վրա հայտնաբերվել է կոմերցիոն տնօրենի «Հունդայի» մակնիշի մեքենան: