Իրանի նորընտիր նախագահ Մահմուդ Ահմադինեջադին պաշտոնապես հաստատել են Իրանի նախագահի պաշտոնում:
Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին այսօր Ահմադինեջադին պաշտոնապես հաստատել է Իրանի նախագահի պաշտոնում եւ համապատասխան հրաման է ստորագրել: Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին կայանալու է Ահմադինեջադի երդմնակալության արարողությունը: Համաձայն արարողակարգի՝ Իրանի հեգեւոր առաջնորդը պարտավոր է պաշտոնապես ճանաչել երկրի նախագահին, ինչից հետո, միայն, նախագահը կարող է անցել իր պարտականությունների կատարմանը:
Պաշտոնի ճանաչումից հետո երկու շաբաթվա ընթացքում Ահմադինեջադը պարտավոր է ներկայացնել կառավարության կազմը:
Միեւնույն ժամանակ Իրանում չեն դադարում բողոքի գործողությունները: Իրանական ընդդիմությունը՝ Միր Հոսեյն Մուսավիի գլխավորությամբ, համարում է, որ ընտրությունները կեղծվել են: Ի պատասխան՝ ոստիկանությունը կոշտ միջոցների է դիմում: Շաբաթ տեղի է ունեցել մոտ 100 ընդդիմադիր ակտիվիստի դեմ հարուցված գործի առաջին լսումը:



























