Հայաստանում տեղեկատվական տեխոնոլոգիաների ոլորտում գործող ընկերություններին արդեն վաղուց պետք է որոշակի արտոնություններ տրամադրվեին։ Հատկապես ուշադրության կենտրոնում պետք է լինեին ՏՏ զբաղվող նորաստեղծ (start-up) ընկերությունները։ Ինչու ենք նշում, որ «պե՛տք է» արտոնություններ սահմանված լինեն, որովհետեւ նույն արտոնություններ սահմանող կառավարությունն է տասը տարի առաջ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հռչակել գերակա ուղղություն, եւ արդեն 10 տարի է, որ կառավարության անդամները վստահեցնում են, թե Հայաստանը պետք է դառնա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նվազագույնը տարածաշրջանում առաջատար պետություն։ Իրականությունն այն է, սակայն, որ տնտեսության այս ճյուղի գերակա հռչակելուց բացի, ոլորտի զարգացմանն ուղղված որեւէ էական ու առարկայական փոփոխություն արդեն տասը տարի է կառավարությունը չի կատարել։

Մոտ վեց ամսվա գործունեության պատմություն ունեցող «Essenital Solutions» ընկերության գործադիր տնօրեն Գարեգին Պետրոսյանը NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, թե ինչպիսի դժվարությունների են հանդիպել ընկերությունը բացելիս։

«Որեւէ տարբերություն չկա ընկերություն ես ստեղծում ՏՏ ոլորտում, թե մեկ այլ ճյուղում գործելու նպատակով, համենայնդեպս մենք արդեն մի քանի ամիս է աշխատում ենք, եւ գերակա հռչակված ճյուղում ենթադրվող աջակցությունը որեւէ կերպ չենք զգացել»,- ասաց Պետրոսյանը։

Ըստ նրա՝ Հայաստանում բանկերը IT ոլորտում գործող նորաստեղծ ընկերություններին դժվարությամբ են վարկ տալիս, իսկ տրամադրելու դեպքում տոկոսադրույքը այնքան բարձր է լինում, որ անիմաստ է այն վերցնել բիզնեսի զարգացման համար։

Երիտասարդ գործարարը նշեց, որ հայկական նորաստեղծ ընկերությունները ճանապարհներ են որոնում արտասահմանյան ներդրողների կամ ֆինանսավորողների հետ համագործակցելու համար, որը հաճախ ավելի իրատեսական է լինում, քան համագործակցությունը հայկական բանկերի հետ։

«Եթե Հայաստանում բիզնեսի զարգացման համար մենք լավագույն դեպքում կարողանանք վարկ վերցնել տարեկան 13 տոկոս տոկոսադրույքով, ապա գերմանացի գործընկերների օգնությամբ ֆինանսավորում ենք գտնում ընդամենը տարեկան 4-5 տոկոս տոկոսադրույքով»,- ասաց Պետրոսյանը՝ նշելով, որ կառավարության հայտարարած գերակայությունը առաջին հերթին պետք է արտահայտվեր արտոնյալ վարկերի միջոցով։

Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ կապալառու ՏՏ կլաստերի համակարգող Արմեն Աբրահամյանը, սակայն կարծում է, որ «սառույցը կոտրվել է» եւ այժմ նորաստեղծ ՏՏ ընկերություններին որոշակի աջակցություն այնուամենայնիվ ցուցաբերվում է։ «ՏՏ միջազգային ցուցահանդեսներում կամ որոշ բիզնես համաժողովներում նորաստեղծ ընկերությունների ներկայացուցիչներն անվճար են մասնակցում, այսինքն՝ նրանց մասնակցության գումարը տրամադրում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը»,- ասաց նա՝ այդպես էլ չնշելով, թե Հայաստանի կառավարությունն ինչպես է աջակցում նորաստեղծ ընկերություններին։

Տեղեկացնենք, որ ՏՏ ոլորտը հարեւան երկրներում եւս գերակա ուղղություն է հռչակված։ Թուրքիայում ՏՏ ոլորտում գործելու նպատակով բացվող ընկերությունները երեք տարով ազատվում են հարկերից, Ադրբեջանում ոլորտին հատկացվող ուշադրությունով է պայմանավորված, որ այդ երկրում արդեն ստեղծվել է ինտերնետի ներքին հզոր ցանց, իսկ ինտերնետի տարածվածությամբ այդ երկիրը տարածաշրջանային առաջատարներից է։ Իրանում պետական աջակցություն են ստանում գիտության բոլոր ճյուղերը, իսկ ՏՏ ոլորտն առավել եւս։ Այդ երկրի ինտերնետի ներքին ցանցը զարգացվածությամբ, եւ տվյալների բազայի հարստությամբ համաշխարհային առաջատարներից է։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի բաժնում, պատասխանելով այն հարցին, թե կառավարությունը ինչպիսի՞ արտոնություններ է տրամադրել ոլորտին, նշեցին, որ «առանձնապես ոչ մի առավելություն տրված չէ, պարզապես ոլորտի համար հատուկ ծրագրեր են մշակվում»։ Նախարարության տեղեկատվության եւ հեռահաղորդակցության վարչության պետը տեղում չէր, որպեսզի պարզեինք «հատուկ ծրագրերը» որոնք են։

Մի խոսքով, մնում է հարցադրում կատարել կառավարությանը. եթե 10 տարի է ոչ մի արտոնություն չի տրամադրվել գերակա հռչակված ոլորտը բարելավելու ուղղությամբ, իմաստը ո՞րն է շարունակել բարձրագոչ հայտարարություններ կատարել, իբր ամեն ինչ անելու ենք, որ ոլորտը զարգանա։

P.S. Պատասխանը խոստանում ենք հրապարակել։