Ադրբեջանին իր ծառայությունները առաջարկած ոստիկանության նախկին աշխատակիցը՝ Խաչիկ Եղիշի Մարտիրոսյանը, մոտ 40 տարուց ավել աշխատել է ոստիկանությունում: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ նա աշխատել է մինչեւ 2011թ, վերջին աշխատանքը Նոր Նորքի Պետական պահպանության բաժնի պետի պաշտոնն էր, մինչ այդ նա մարզերից մեկում փոխոստիկանապետ է աշխատել:
Խաչիկ Եղիշի Մարտիրոսյանը ծագումով Արտաշատի գյուղերից է, տարիներ ի վեր ապրել է Դավիթաշեն թաղամասում, ունի մեկ որդի: Նրա հարեւանները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ շատ շփում չի եղել Մարտիրոսյանի ընտանիքի հետ, միայն շփվել են կնոջ հետ, իսկ վերջինս մահացել է: Հայր եւ որդի այժմ Դավիթաշենում չեն ապրում, հարեւաններն էլ չգիտեն, թե որտեղ են նրանք: Նրանք լսել էին, թե Խաչիկ Մարտիրոսյանը ոստիկանությունում աշխատանքից դուրս գալուց հետո ինչ-որ տեղ պահակություն էր անում:
Ի դեպ, ոստիկանության լրատվական ծառայությունից հրաժարվեցին որեւէ տվյալ հաղորդել նախկին աշխատակցի մասին, մասնավորապես, թե նա երբ է աշխատել իրենց համակարգում, ինչու է ազտավել աշխատանքից եւ այլն: Լրատվական ծառայությունը դա պատճառաբանեց ԱԱԾ-ում ընթացող նախաքննությամբ:
Նշենք, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սույն թվականի հունվարի 31-ին ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության գնդապետ, Երեւան քաղաքի բնակիչ, 60-ամյա Խաչիկ Եղիշի Մարտիրոսյանը:
ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի ԱԱԾ կողմից ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ, որոնք վկայում են, որ Խ. Մարտիրոսյանը, ֆինանսական օժանդակություն ստանալու ակնկալիքով, 2013թ. օգոստոսին սեփական նախաձեռնությամբ դիմել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանություն ու կապ է հաստատել դեսպանության քողի տակ գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ, առաջարկելով իր ծառայությունները:
Խ. Մարտիրոսյանը Ադրբեջանի հատուկ ծառայություններից ստացել է ռազմական բնույթի տեղեկություններ ձեռք բերելու առաջադրանքներ եւ դրանք կատարելու նպատակով ձեռնարկել է գործուն քայլեր: Իր կողմից ձեռք բերված տեղեկությունները Խ. Մարտիրոսյանը մտադրված է եղել փոխանցել ադրբեջանցիներին, ինչը սակայն, կասեցվել է ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից:
ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում Խ. Մարտիրոսյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական Օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:











