Եգիպտոսում հնագետները 4,6 հազար տարեկան բուրգ են գտել, որը մի քանի տասնյակ տարով մեծ է Քեոփսի հռչակավոր բուրգից:
Եգիպտական հնագույն Էդֆու քաղաքի տեղում 2010 թվականից պեղումներ է իրականացնում Չիկագոյ համալսարանի Արեւելքի ինստիտուտի արշավախումբը: Այնտեղ նրանք աստիճանավոր բուրգ են գտել: Այն կառուցված է նյութերով, որոնք շինարարները հայթայթել են հարեւանությամբ գտնվող տեղանքից: Ըստ մասնագետների, սկզբնապես բուրգի բարձրությունը կազմել է 13 մետր, սակայն այժմ ընդամենը հինգ մետր է: Գիտնականները կարծում են, որ այն կառուցել է կամ Խունի փարավոնը, որ կառավարել է Ք.Ա. 2635-2610 թվականներին, կամ Սնոֆրուն (2610-2590):
Նման բուրգեր կառուցվել են կենտրոնական կամ հարավային Եգիպտոսում, խոշոր բնակավայրերի մոտ: Դրանց մեջ ներքին սրահներ չկան եւ մեռյալների թաղման համար նախատեսված չեն: Գիտնականները ենթադրում են, թե դրանք եղել են ծայրամասերում փարավոնների իշխանության խորհրդանիշներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով LiveScience-ը:




























